News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին շարունակում է նյութեր հրապարակել «Վերապրածները» նախագծի շրջանակներում:

«Վերապրածները» իրենց մանկությունն ու հայրենիքը կորցրած սովորական մարդկանց պատմություններն են։

«Վերապրածները» 100 տարվա ցավն ու հիշողությունն է,  փոխհատուցման 100 տարվա սպասումը։

«Վերապրածները» այն մարդկանց օրեցօր նոսրացող խումբն է, որոնք չեն կորցնում ճանաչման հույսը՝ իրենց ցավի ճանաչման հույսը։

«Վերապրածներից» է 100-ամյա ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ:

Կնոջ ճենապակե ձեռքերը կախ ընկան սեղանին։ Երկնագույն երակների բարակ ցանցով պատված նուրբ ձեռքերը, կատարվածին անհաղորդ, այդ դիրքով մնացին սեղանի վրա (ֆոտոռեպորտաժ

Սեղանը  հավաքեցին, եւ միայն երբեմնի կարմիր պուտերով խամրած սփռոցն էր հուշում, որ ժամանակին նրա շուրջ աղմկոտ հավաքույթներ են եղել։ Հունվարի 2-ին իր 100-ամյակը նշած Մարգարիտա Մխիթարյանի կողքին հիմա  միայն դուստրն է՝ Անահիտը։

-Այս տունը նա իր ձեռքերով է կառուցել,- պատմում է նա եւ ավելացնում,- 1950-ին՝ Թուրքիայից գաղթելուց շատ տարիներ անց, մայրս իր սկեսրայրի հետ կառուցել է այս տունը։

Այնուամենայնիվ այս ընտանիքի պատմությունը ճիշտ կլիներ սկսել 20-րդ դարի սկզբից, Թարգյուլ անունով երիտասարդ մի հայուհու պատմությունից, որն առանց հետ նայելու վազում էր Կարսի մարդաշատ փողոցներով։ Նրա ամուսինն ու ծնողները դաժանաբար սպանվել էին թուրք զինվորականների հետ բախումների ժամանակ, իսկ կինը, 3-ամյա որդուն՝ Ադիբեկին, կրծքին սեղմած, վազում էր դեպի հայրական տուն, որտեղ վախի եւ շփոթության մեջ նրան էին սպասում 7 փոքր եղբայրները։

- Դրանից շատ չանցած՝ հարձակվեցին նրանց տան վրա, թալանեցին եւ մոխրի ճարակ դարձրին այն,- մոր պատմությունը շարունակում է Անահիտը։

Այրվող տան բոցերից Թարգյուլը կարողանում է փրկել միայն որդուն եւ կրտսեր եղբորը՝ Իգիթին։ Մյուս  եղբայրները ողջ-ողջ արյվեցին կնոջ աչքի առաջ։ Այդ օրվանից սկսած՝  երկնագույն երկնքի փեշերը լիզող բոցի հրե լեզվակներն եւ օգնության հուսահատ ճիչերը մինչեւ օր ծերություն պիտի հետապնդեին կնոջը... 

-Ու՞ր գնաց նա դրանից հետո։

- Թարգյուլ տատիկս երեխաների երեսներին մուր քսեց, որպեսզի թուրքերը չհասկանան, որ նրանք տղաներ են, եւ փախավ Արաքս գետի մյուս ափը։

Ճանապարհին խոսակցություններ էին  գնում, թե Կարսում ամեն բան հանդարտվել է, եւ Թարգյուլը երեխաների հետ վերադառնում է հայրենի քաղաք։ Այնտեղ նա հանդիպում է Ներսես Նեսիսյանին, որը երեխաների հետ միայնակ մնացած այրի տղամարդ էր։  Ներսեսը երեք որդի ուներ՝ Եղիշեն, Ավագը եւ Արտաշեսը։

Եթե խաղաղ ժամանակներում մարդկանց միավորում է սերը, ապա անհանգիստ տարիներին՝ դժբախտությունը. Թարգյուլն ու Ներսեսը ամուսնանում են։ 1915թ. ծնվում է նրանց առաջին դուստրը՝ նուրբ ու փխրուն Մարգարիտան՝ ամոքելով նրանց կրած տառապանքները։

Այդ ժամանակ լուրեր հասան այն մասին, որ  Թուրքիայում հայերի վրա ավազակային հարձակումները հաճախակի են դառնում։ Միաժամանակ սկսվեցին զանգվածային կողոպուտն ու սպանությունները։ Անհրաժեշտ էր ինչ-որ բան որոշել։ 1915թ. Ներսիսյանները լքեցին իրենց տունը եւ ոտքով ճանապարհ ընկան դեպի մշուշոտ ապագան...

1918թ. նրանք շատ այլ փախստականների նման կանգ առան Էջմիածնում ու բնակություն հաստատեցին վրանում, որտեղ էլ որոշ ժամանակ անց ծնվեց նրանց երկրորդ դուստրը՝ Սեյրանը։

-Դրանից շատ չանցած՝ պապիկս մահանում է ծանր հիվանդությունից, իսկ տատիկս երեխաներով տեղափոխվում է Թղիթ։ Նա շատ ուժեղ եւ աշխատասեր կին էր։ Զարմանալի չէ, որ նրան գյուղխորհրդի նախագահ էին ընտրել։

1930-ական թթ. երիտասարդ Մարգարիտան ամուսնանում է Արտաշես Մխիթարյանի հետ։ 1950թ, ինչպես արդեն նշել էինք ամենասկզբում, նա իր սկեսրայրի՝ Գաբրիելի հետ կառուցում է այս տունը, որտեղ եւ ապրում է մինչ օրս։

-1952թ. տատիկս մահացավ,- հիշում է Անահիտը։ Նրա խոսքով՝ Թարգյուլն այս աշխարհից հեռացել է խաղաղ եւ հանգիստ։ Թվում էր՝ նա ոչ թե մահացել, այլ պարզապես ննջել է՝ իր հետ անդրշիրիմյան կյանք տանելով ցավն ու ապրած օրերի դառնությունը։

Այս ընթացքում լուռ նստած Մարգարիտա Մխիթարյանը ձեռքի շարժումով աղջկան հասկացրեց, որ ուզում է պառկել։ Անահիտը բրդե շալով ծածկեց մոր ոսկրոտ ուսերը եւ օգնեց նրան տեղավորվել բազմոցին։

-Ձեր մայրը մի՞շտ է այսպես լռակյաց եղել։

-Առաջ նա հիանալի պարում էր եւ մեծ հաճույքով ժողովրդական երգեր էր երգում։ Հիմա ամեն ինչ տրամադրությունից է կախված։ Սակայն վերջին ժամանակներս նա հաճախ է լռում, երբեմն միայն հիշում է հարազատներին։ 

-Քանի՞ երեխա ունեցան Մխիթարյանները։

-Ութ։ Մենք երեք եղբայր եւ հինգ քույր ենք։ Այսօր մեզ հետ չեն Վարազդատը, Սպարտակը եւ Ռիման...

-Ի՞նչ եղավ Կարսի ձեր տան հետ, ինչ-որ բան գիտե՞ք այդ մասին։

-Այն ժամանակ այնտեղ քրդեր էին ապրում։ Ով գիտե, միգուցե մինչեւ հիմա էլ ապրում են,- թախիծով եւ կատարվածին փոքր-ինչ համակերպված՝ պատմում է Անահիտը։

Խոհանոցի պատուհանից, որի մոտ մենք նստած ենք, երեւում է գագաթն ամպերի մեջ առած վեհ Արարատը։ Լեռ, որը յուրաքանչյուր հայի համար աշխարհի ցանկացած անկյունում Հայրենիք է խորհրդանշում, եւ որի մասին հիշատակումն այս պատմության մեջ պատահական չէ։

1986թ. հայկական եւ թուրքական թերթերում մեծ աղմուկ էր բարձրացրել ոմն Համլետ Ներսիսյանը, որը օգոստոսի 4-ին իր հոր եւ որդու հետ Լոս Անջելեսից ժամանել էր Թուրքիա եւ շրջանցելով թուրքական իշխանություններին՝ բարձրացել էր Արարատ լեռը։

Գիտե՞ք, ով էր նա։ Համլետը Եղիշեի թոռն էր,- ասաց Անահիտը եւ նշեց,- նա ամբողջ ժամանակ պնդում էր, որ ամեն գնով բարձրանալու է լեռը, որից այն կողմ մնացել է նրա պապի տունը։

Անի Աֆյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

«Վերապրածները» նախագծի նախորդ նյութերը՛ 100 տարի զղջման սպասումով. Խոսրով Ֆրանգյան100 տարի զղջման սպասումով. Արեւալույս Ամալյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ