Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի կողմից իր հասեցին հնչող մեղադրանքներին և դրանք անհիմն որակել:
«Իմ կողմից ղեկավարած բաժնի աշխատանքում արձանագրվել են որոշակի բացթողումներ, այդ թվում՝ այն ժամանակահատվածում, երբ ես գտնվել եմ արձակուրդում, և այդ կապակցությամբ ինձանից պահանջվել է բացատրություն։
Իմ գնահատմամբ՝ այն ժամանակահատվածում տեղի ունեցած հանգամանքները հետագայում ինձ վերագրելը առնվազն պահանջում է դրանց պատճառահետևանքային կապի հստակ հիմնավորում, որի կապակցությամբ համապատասխան բացատրագրերը ներկայացվել են։
Սեպտեմբերի 1 ի հետ կապված ՝ իմ նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողության տեսքով։ Ես այդ որոշումը համարում եմ ԱՆՀԻՄՆ, դրա վերաբերյալ ներկայացրել եմ իմ մանրամասն բացատրությունները և նախատեսում եմ այն վիճարկել դատական կարգով։
Հետևաբար, այդ հարցի վերաբերյալ վերջնական գնահատականը, իմ կարծիքով , պետք է տրվի իրավասու մարմնի կողմից՝ համապատասխան փաստերի և ապացույցների ուսումնասիրությունից հետո։
Միաժամանակ, եթե իսկապես առկա էր այնպիսի պահանջ, համաձայն որի՝ համապատասխան տեխնիկական բնութագիրը պետք է ներկայացվեր միջոցառումից առնվազն 60 օր առաջ, հարց է առաջանում, թե ինչու այդ հանգամանքը չի կանխվել փաստաթղթերի շրջանառության համապատասխան փուլում, և ինչու են փաստաթղթերը ստացել հետագա ընթացք, եթե ի սկզբանե ենթադրվում էր, որ դրանք ենթակա էին մերժման։
Ավելին, մեր աշխատանքային պրակտիկայում եղել են դեպքեր, երբ տեխնիկական բնութագրերը ներկայացվել են ավելի ուշ, քան նշված ժամկետը, սակայն տվյալ միջոցառումը հետագայում պատշաճ կերպով իրականացվել է։
Օրինակ՝ հունվարի 28 ին նախատեսված միջոցառման տեխնիկական բնութագիրը բաժնի կողմից ներկայացվել է դեկտեմբերի 3 ին, և միջոցառումն իրականացվել պատշաճ և սահմանված ժամկետում։ Այս հանգամանքները, կարծում եմ, կարևոր են ընդհանուր իրավիճակը գնահատելու համար, և դրանց վերաբերյալ վերջնական գնահատականը կարող է տրվել միայն ամբողջ փաստական նյութի ուսումնասիրությունից հետո։
Ինչ վերաբերում է Ռոք Ֆեստ միջոցառման չիրականացման հետ կապված ինձ և բաժնին ներկայացվող մեղադրանքներին, ապա անհրաժեշտ եմ համարում ասել, որ միջոցառման չիրականանալու գործընթացը տեղի է ունեցել ոչ թե ներկայիս վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարման ժամանակ , այլ նախորդ վարչական շրջանի ղեկավարի, և ավելացնեմ, որ այդ միջոցառման հետ կապված որևէ ֆինանսական գործառույթ չի իրականացվել, որևէ ֆինանսական շարժ տեղի չի ունեցել։
Միաժամանակ միջոցառման հետաձգման պատճառների վերաբերյալ առկա տեղեկություններով՝ այն հետաձգվել է մրցույթ շահած ընկերության խնդրանքով։ Հետևաբար, ճիշտ չեմ համարում տվյալ իրավիճակի պատասխանատվությունը միանշանակ վերագրել բաժնին՝ առանց ամբողջ գործընթացի փաստաթղթերը և պատճառները ուսումնասիրելու։ Եթե այդ ժամանակահատվածում իմ կողմից , կամ բաժնի կողմից թույլ էր տրվել որևէ խախտում կամ աշխատանքային թերացում, բնական կլիներ, որ այն արձանագրվեր համապատասխան ժամանակահատվածում և անմիջական ղեկավարության կողմից տրվեր համապատասխան գնահատական։
Այդպիսի փաստաթղթերի առկայության կամ բացակայության հարցը, կարծում եմ, նույնպես կարող է պարզաբանվել համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ։
Անդրադառնամ նաև այն միջադեպին, որի վերաբերյալ վարչական շրջանի ղեկավարն ինքն է ընդունում, որ ինձ ասել է՝ (դուրս արի), սակայն չի ընդունում, որ այդ արտահայտությունն արվել է կոպիտ և ոչ պատշաճ ձևով։ Միևնույն ժամանակ, չեմ կարող համաձայնել այն մեկնաբանության հետ, թե բաժնի պետին, պարզապես իր կողմից տվյալ պահին տրված պատասխանը սխալ գնահատելու հիմքով, կարելի է նման կերպ հեռացնել աշխատասենյակից։ Իմ գնահատմամբ տվյալ իրավիճակին նման մեկնաբանությունը չի արտացոլում տեղի ունեցածի ամբողջական պատկերը։
Ինչ վերաբերում է այդ միջադեպի վերաբերյալ իրականացված ներքին ուսումնասիրությանը, եթե իսկապես հարցվել են միջադեպին ներկա կամ դրա մասին տեղեկություն ունեցող անձինք, ապա ինձ համար անհասկանալի է, թե ինչու այդ գործընթացում իմ դիրքորոշումը համարժեք կերպով չի ներկայացվել և ինչու ես հնարավորություն չեմ ունեցել ծանոթանալու դրա հիմքում դրված հանգամանքներին ու ներկայացված տեսակետներին։
Ես որևէ անձի չեմ ցանկանում վերագրել սուտ կամ դիտավորությամբ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներկայացնելու վարքագիծ։ Սակայն եթե հարցը հետագայում դառնա դատական քննության առարկա, ես ակնկալում եմ, որ բոլոր այն անձինք, ովքեր ներկա են եղել միջադեպին կամ դրա վերաբերյալ տեղեկություններ ունեն, դատարանում նույնպես հնարավորություն կունենան ազատ և անկաշկանդ ներկայացնելու իրենց տեսածն ու լսածը։
Ինչ վերաբերում է իմ արձակուրդում գտնվելուն, ապա ես օգտվել եմ ինձ հասանելիք ամենամյա արձակուրդից՝ օրենքով և սահմանված կարգով։ Տարեկան մեր բաժինը կազմակերպում է բազմաթիվ մշակութային և սպորտային միջոցառումներ, հետևաբար, ես համաձայն չեմ այն մոտեցմանը, որ աշխատակցի՝ իր օրինական արձակուրդից օգտվելը կարող է ինքնին գնահատվել որպես աշխատանքների խոչընդոտում կամ որևէ գործընթաց դիտավորյալ խափանելու գործողություն։
Տետրերի հետ կապված ներկայացված տեղեկությունների վերաբերյալ ես ևս համաձայն չեմ վարչական շրջանի ղեկավարի գնահատականների հետ։ Այդ հարցում ևս անհրաժեշտ է հիմնվել կոնկրետ փաստաթղթերի և դրանց բովանդակության վրա, այլ ոչ թե ընդհանուր բնույթի գնահատականների։
Չեմ կարող չանդրադառնալ նաև այն հանգամանքին, որ աշխատանքային վեճի համատեքստում փորձ է արվում որևէ կերպ անդրադառնալ նաև քաղաքական գործընթացներին։ Իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում ես որևէ քաղաքական ակտիվություն չեմ ցուցաբերել, չեմ ներգրավվել քաղաքական գործընթացներում և իմ աշխատանքային գործունեությունն իրականացրել եմ քաղաքական զսպվածությամբ ու չեզոքությամբ։
Ինչ վերաբերում է իմ մասնագիտական կարողությունները կասկածի տակ դնելու փորձերին, ապա վարչական շրջանի ղեկավարի կողմից հնչեցված այդ գնահատականը ես դիտարկում եմ որպես նրա անձնական գնահատականը և ոչ թե որպես իմ մասնագիտական գործունեության օբյեկտիվ և ամբողջական գնահատում։ Ես այս պաշտոնը ստանձնել եմ մրցույթի արդյունքում։
Աշխատանքային գործունեության ընթացքում պարբերաբար մասնակցել եմ ատեստավորման գործընթացներին և ստացել բարձր գնահատականներ, այդ թվում՝ 100 միավոր արդյունք։ Բացի այդ, ունեմ նաև դպրոցի և մանկապարտեզի տնօրենի պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագրեր։ Այսինքն՝ իմ մասնագիտական կարողությունների վերաբերյալ վերջնական գնահատականը, կարծում եմ, պետք է հիմնված լինի ոչ թե մեկ անձի սուբյեկտիվ գնահատականի, այլ իմ ամբողջ աշխատանքային գործունեության, մասնագիտական փորձի, ատեստավորման արդյունքների և փաստաթղթավորված աշխատանքի վրա»,-ֆեյսբուքյան էջում գրել է Դավթյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Լիանա Դավթյանը հայտարարել էր, որ գործակարգավարական նիստի ժամանակ, երբ ինքը զեկույց էր ներկայացնում, Սաշա Կատվալյանը քանիցս ընդհատել է իրեն, դժգոհություն հայտնել, իսկ երբ ինքը փորձել է իր տեսակետը ներկայացնել, վարչական շրջանի ղեկավարը բարկացել է և բոլորի ներկայությամբ ասել` «թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ»: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն, իր հերթին, հերքել էր, թե նման բան է ասել աշխատակցին:





























