Հոկտեմբերի 11-ին Իտալիայի ռազմածովային ուժերի բազաներից մեկում կանցկացվեն անսովոր «մրցումներ»՝ հինգերորդ սերնդի F-35B կործանիչի և Ferrari SF90 ճանապարհային հիբրիդային սուպերքարի մասնակցությամբ։ Մրցման նպատակը երկու մեքենայի արագության հնարավորությունները համեմատելն է կարճ տարածության վրա՝ մինչև կործանիչի օդ բարձրանալը։
Առաջին տարածության երկարությունը կկազմի կես կիլոմետր՝ թռիչքուղու վրա, որը F-35B-ի համար հատուկ ծածկված է ալյումինով, հաղորդում է «Техкульт»-ը։ Ակնկալվում է, որ մեկնարկից հետո ամբողջովին արագանալու համար կործանիչին ավելի շատ ժամանակ կպահանջվի, սակայն, չնայած այդ ֆորային, այն պետք է մինչև վերջնագիծ հասնի և անցնի արագ մեկնարկներին սովոր Ferrari-ին։
Ferrari-ն կվարի արագության յոթ ռեկորդների հեղինակ Ֆաբիո Բարոնեն։ Նրա ասելով՝ ավտոմեքենան մինչև 100 կմ/ժ կարագանա 2,8 վայրկյանից պակաս ժամանակում, իսկ փոփոխված շարժիչն այդ ցուցանիշը կնվազեցնի մինչև 2,6 վայրկյան։ Արդյունքում Բարոնեն կհասնի 330 կմ/ժ արագության և ամբողջ տարածությունը կհաղթահարի 8–9 վայրկյանում՝ զգալով 2,2 g գերբեռնվածություն։
F-35B-ի արագացման ալգորիթմը մի փոքր այլ է։ Արագությունը նրան կապահովի Pratt & Whitney F135 տուրբոռեակտիվ շարժիչը՝ կարճ թռիչքի համակարգի հետ համատեղ։ «Վերջնագծից» հետո այն պետք է օդ բարձրանա։
Երկրորդ մրցումը կշարունակվի նաև F-35B-ի օդ բարձրանալուց հետո՝ մինչև 2,8 կմ նշագիծը, ընդ որում կործանիչը կթռչի մոտ 20 մետր բարձրության վրա։ Defence News-ի տեղեկությամբ՝ մրցման մասնակիցները կկիսեն մոտ 35 մետր լայնությամբ թռիչքուղին՝ պահպանելով միմյանցից 15 մետր հեռավորություն։ Միևնույն ժամանակ, Ferrari-ի համար ալյումինե ծածկով վարելը կարող է որոշակի դժվարություններ առաջացնել․ այն ավելի ուժեղ կվիբրացվի, քան սովորական ասֆալտը։
Այդքան անսովոր մրցումների կազմակերպիչները մտադիր են փորձարկել արագացման երկու բոլորովին տարբեր գաղափար. Ferrari-ի դեպքում՝ շարժիչի հզորությունն անիվների օգնությամբ արագ վերածելու առաջընթաց շարժման կարողությունը և F-35B-ի դեպքում՝ ավիացիոն շարժիչի հսկայական քարշուժը մինչև օդ բարձրանալն արագացման վերածելու կարողությունը։





























