News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին շարունակում է նյութեր հրապարակել «Վերապրածները» նախագծի շրջանակներում։

«Վերապրածները» իրենց մանկությունն ու հայրենիքը կորցրած սովորական մարդկանց  պատմություններն են։

«Վերապրածները» 100 տարվա ցավն ու հիշողությունն է, փոխհատուցման 100 տարվա սպասումը։

 «Վերապրածները» այն մարդկանց օրեցօր նոսրացող խումբն է, որոնք չեն կորցնում ճանաչման հույսը՝ իրենց ցավի ճանաչման հույսը։

Դա 101-ամյա Նեկտար Ալատուզյանն է:

Էջմիածնի կենտրոնում ՝ Կոմիտասի փողոցում, լուռ է եւ հանգիստ: Միայն հեռվից թափառական շների անհոգ  հաչոցն է լսվում եւ կոտրվող ցախի խուլ չրխկոցը. ինչ-որ մեկը հավանաբար փայտ է կոտրում (ֆոտոռեպորտաժ):

Այս տարի գարունը դեռ ձմռանն էր եկել, սակայն, ըստ երեւույթին, փայտն անհրաժեշտ էր ցրտի մնացուկներից պատսպարվելու  համար։

Մոտենալով № 9 տանը՝ հասկանալի դարձավ, որ փայտը հենց այստեղ են կոտրում: Դարպասը կիսաբաց էր, եւ մենք անկոչ հյուրերի պես մտանք բակ: Տեսարանը, որ բացվեց մեր աչքերի առջեւ, ստիպեց կորցնել խոսելու ունակությունը. փոքրամարմին, չորչորուկ եւ արդեն կորացած մի տատիկ, կացինը վեր բարձրացնելով, թափով վայր էր բերում այն կոճղի վրա: Մեզ տեսնելով՝  նա կանգ առավ, շունչը տեղը բերեց եւ  շարունակեց աշխատանքը ասես ոչինչ  չէր եղել։

-Շեմին մի՛ կանգնեք,  տու՛ն անցեք, - բակ դուրս եկավ մի երիտասարդ կին:

Մի քանի րոպե անց մենք իմացանք, որ նրա անունը Գեղեցիկ է, իսկ փայտ կոտորող տարեց կինը նրա տատիկն է՝ 101-ամյա Նեկտար Ալատուզյանը։

-Տատիկս ծանր, բայց հետաքրքիր կյանք է ունեցել,- սեղան գցելով պատմում է Գեղեցիկը։ - Սկսեմ հեռվից։

Նեկտար Ալատուզյանը, օրիորդաց ազգանունը Աբդունուրյան, ծնվել է 1914թ.Միջերկրական ծովի ափին՝ Մուսա Լեռան ստորոտին  գտնվող Խդրբեկ գյուղում։ 1915թ. ամռանը Խդրբեկի բնակիչները շրջակա 6 գյուղերի հետ միասին հրաման ստացան հավաքել  իրենց իրերն ու պատրաստվել արտագաղթի:  Հայերի մի մասը ենթարկվեց թուրքական իշխանությունների հրամանին, իսկ մյուս մասը, իր հետ վերցնելով անասուններին եւ անհրաժեշտ ամանեղենը, բարձրացավ լեռը, որի վրա ինքնապաշտպանություն կազմակերպեց: Նրանց մեջ էր նաեւ Աբդունուրյանների ընտանիքը՝ Թովմասը, նրա քաջարի կինը՝ Օվսաննան եւ մեկ տարեկան Նեկտարը։

-Շատ չանցած՝ թուրքերը հարձակվեցին լեռան վրա։  Տատիկիս պատմելով՝ նրանք պաշտպանվել են, ինչպես կարողացել են։

Կանայք՝ եղաններով եւ փոցխերով  զինված, իրենց տղամարդկանց եւ եղբայրներին թիկունք  թիկունքի տված, կռվել են մինչեւ վերջ,- պատմում է  Գեղեցիկը։

Թովմաս Աբդունուրյան

Մուսա լեռան պաշտպանությունը տեւեց 53 օր։  Հայերը հերոսաբար դիմադրում էին, սակայն ուժերն անհավասար էին։

-Ժամանակ առ ժամանակ նրանց հուսահատություն էր պատում, սակայն նրանք շարունակում էին հավատալ, որ Աստված նրանց կողմից է, եւ կողքով անցնող նավերից  որեւէ մեկը օգնության կգա։

Այդ նավը դարձավ ֆրանսիական «Գիշենը»։ Մուսա լեռան պաշտպանները նավով տեղափոխվեցին Եգիպտոսի Պորտ Սայիդ քաղաք, որտեղ մնացին մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։

1919թ. Հաթայի շրջանը Ֆրանսիայի մանդատի տակ անցնելուց հետո, հայերը վերադարձան իրենց  գյուղերը։

-Հայտնվելով հայրենի գյուղերում՝ նրանք տեսան, որ թուրքերը զբաղեցրել են իրենց տները։ Այն ժամանակ իր 12 ամենահավատարիմ զինակիցների հետ Թովմաս պապը թուրքերին հարկադրեց լքել Խդրբեկը, իսկ այդ մասին պատմող հուշը՝ զենքը, կախեց իր  տան պատին,- պատմում է  Գեղեցիկը։

Օվսաննա եւ Թովմաս Աբդունուրյաններ

Մի օր Աբդունուրյանների տուն ոստիկաններ եկան։

-Թովմաս պապիկին մեղադրում էին սպանության մեջ և այդ պատճառով  եկան  նրա տունը խուզարկելու։

Բակում ոստիկաններ տեսնելով՝ երիտասարդ Նեկտարը գորգի մեջ է փաթաթում պատից կախված զենքերը եւ երեխաների հետ նստում դրանց վրա։  Անարդյունք խուզարկումից հետո ոստիկանները հեռանում են։ Սակայն Նեկտարի խորամանկ հնարքը հորը չփրկեց բանտարկությունից։

1920-ական թթ. Թովմաս Աբդունուրյանին դատապարտեցին ոչ ավել ոչ պակաս 101 տարվա ազատազրկման, որոնցից հայդուկը բանտում անցկացրեց միայն 13-ը։  Քանի դեռ հայրը բանտում էր, Նեկտարը նրան ուտելիք էր տանում եւ պատմում էր գյուղի նորությունները։

1938թ. Նեկտարը ամուսնանում է Տիգրան Ալատուզյանի հետ, որը ֆրանսիական բանակում ծառայող հայ սպա էր։

Տիգրան Ալատուզյան

-Տատիկս պատմում է, որ նա շատ երկրպագուներ է ունեցել, սակայն իր հայրը բոլորից լավ էր վերաբերվում Տիգրանին, քանի որ նա նվագում էր ուդի վրա (լարային երաժշտական գործիք, խմբ.)։

Չնայած կոշտ բնավորությանը՝ Թովմասը փափկասիրտ մարդ էր եւ բարձր էր գնահատում երաժշտությունը,- ասում է Գեղեցիկը։

1939թ, երբ Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ կնքված պայմանագրով տարածաշրջանը կցվեց Թուրքիային, մուսալեռցիները նորից լքեցին իրենց հայրենիքը եւ այլեւս երբեք չվերադարձան իրենց տները։

-Սկզբում մերոնք հաստատվեցին Լիբանանում՝ Անջարում, իսկ հետո տեղափոխվեցին Բեյրութ։

Բեյրությում ծնվեց Տիգրանի ու Նեկտարի առաջնեկը՝ Ժոզեֆը, իսկ այնուհետեւ՝ Մարին եւ Եսային։ 1947թ. երկարատեւ մտորումներից հետո նրանք որոշեցին տեղափոխվել Արեւելյան  Հայաստան։

-Որոշ ժամանակ տատիկս ընտանիքով ապրում էր Ծաղկաձորում, բայց հետո տեղափոխվեց Էջմիածին։

Արդեն Հայաստանում Նեկտարի ընտանիքում ծնվեց եւս երկու  երեխա՝ Ժոզեֆինան եւ Զարինեն։

Օվսաննա Աբդունուրյանը վախճանվեց 1958թ. 8 տարի անց մահացավ նաեւ Թովմասը։ Գեղեցիկի խոսքով՝ մահից առաջ հայդուկ Թովմասը հատկապես տխուր էր։

-Նա հաճախ էր հիշում իր մանկությունն ու հայրենի գյուղը։ Նա ցանկանում էր թաղվել այնտեղ՝ իր նախնիների կողքին։

Այսօր Նեկտար տատն ունի 12 թոռ, 33 ծոռ եւ 8 կոռ։ Նրանց բոլորին Նեկտարը սիրով պատմում է  Խդրբեկի մասին եւ պատվիրում երբեք չմոռանալ սեփական արմատներն ու սեփական ժողովրդի պատմությունը։

Անի Աֆյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

«Վերապրածները» նախագծի նախորդ նյութերը՛ 

100 տարի զղջման սպասումով. Խոսրով Ֆրանգյան

100 տարի զղջման սպասումովԱրեւալույս Ամալյան 

100 տարի զղջման սպասումով. Մարգարիտա Մխիթարյան 

100 տարի զղջման սպասումով.Ահարոն Մանուկյան 

100 տարի զղջման սպասումով. Սութե Քոչարյանն

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ