Իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունս եւ ողջ եռանդս կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու եւ լիովին ծառայելու ՀՀ քաղաքացիներին եւ մեր ողջ ժողովրդին: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո իր շնորհակալական խոսքում նշեց ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը:

Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ բոլոր պատգամավորներին՝ քվեարկության համար՝ նշելով. «Շնորհակալ եմ բոլոր կողմ եւ դեմ քվեարկողներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրում տեղի ունեցող կարեւորագույն փոփոխությունների գործընթացում ձեր կարեւոր ներդրման համար:

Իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունս եւ ողջ եռանդս կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու եւ լիովին ծառայելու ՀՀ քաղաքացիներին եւ մեր ողջ ժողովրդին:

Իհարկե, ակնկալում եմ ձեր աջակցությունն ու մասնակցությունը, ինչպես նաեւ մեր բոլոր քաղաքացիների աջակցությունը եւ մասնակցությունը մեր ապագա կարեւոր հաղթանակներին՝ Արցախ, Հայաստան եւ Սփյուռք»,-ասաց նա:

Նշենք, որ քիչ առաջ ԱԺ-ում տեղի ունեցավ ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը: Արմեն Սարգսյանն ստացել է 90 կողմ եւ 10 դեմ ձայն:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը միակ թեկնածուն էր, որին առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել էր, որ կողմ է էվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, իսկ «Ելք»-ը հայտարարել էր, որ դեմ են լինելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահն ընտրվում է ոչ թե համաժողովրդական ընտրություններով, այլ Ազգային ժողովի կողմից: Քանի որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի, հետեւաբար երկրի թիվ մեկ պաշտոնյան լինելու է վարչապետը, իսկ նախագահի լիազորություններն էապես կրճատել են:

Նշենք, որ թեեւ Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում, սակայն իր լիազորությունները կստանձնի գործող նախագահի լիազորությունների ավարտին՝ ապրիլի 9-ին:

Գործարար, դիվանագետ եւ նախկին վարչապետ. ի՞նչ է հայտնի Արմեն Սարգսյանի մասին (ֆոտո)