Գյումրիի պետական բժշկական քոլեջի դասախոս, արհեստակցական միության նախագահ Կոզետա Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է:

Դասախոսը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու մեջ, սակայն, քրեական գործը դատարան է ուղարկվել խարդախության մեղադրանքով:

Ըստ մեղադրանքի՝ Կոզետա Կիրակոսյանը ՌԴ-ում բնակվող իր ծանոթ Ա.Բարսեղյանից կաշառք ստանալու պատրվակով 2015-2016թթ ընթացքում մաս-մաս պահանջել և ստացել է 1 մլն 400 հազար դրամ: Նա ներկայացրել է նաեւ 500 ԱՄՆ դոլար ստանալու պահանջ` Ա.Բարսեղյանի դստեր` Վ.Բարսեղյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, այնինչ խոստացված գործողությունները կատարելու կապակցությամբ կամ առհասարակ որևէ հնարավորություն չի ունեցել կամ դրանց կատարման անհրաժեշտությունը բացակայել է:

Դասախոսին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 2 եւ 5 կետերով (խարդախությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով եւ կաշառք ստանալու պատրվակով): Դասախոսը գրավի դիմաց ազատ է արձակվել: Նշենք, որ նա մի քանի ամիս կալանքի տակ է եղել: