Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դեղատներից մեկում 2017թ.-ի փետրվարի 16-ին ուշ երեկոյան երիտասարդ աշխատակցին դանակահարելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված  Խաչիկ Սարգսյանի բողոքը:

Սարգսյանի պաշտպանը դիմել էր Վերաքննիչ՝ պահանջելով բեկանել եւ փոփոխել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռն ու իր պաշտպանյալի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով: Մարտի 14-ին վերաքննիչ բողոքը մերժվել է եւ ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սարգսյանն իրեն սպասարկելու հարցի շուրջ վիճաբանել է դեղատան աշխատակցի հետ  եւ դանակով հարվածել նրա կրծքավանդակի ձախ հատվածին:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալը: Նշենք, որ տուժող կողմը նույնպես միջնորդության դեմ չի առարկել՝ նշելով, որ ամբաստանյալից որեւէ պահանջ չունի։

Դատարանը Խաչիկ Սարգսյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել  նախատեսված 4 տարվա ազատազրկման:

Նշենք, որ դանակահարված երիտասարդը Բժշկական համալսարանի ուսանող է:  Բժիշկներին հազիվ էր հաջողվել փրկել նրա կյանքը