«Իմ քայլը» նախաձեռնության երթը այս պահին շարժվումէ  դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ՝ կառավարության շենքում քիչ հետո մեկնարկելու է Հայաստանի նոր կառավարության առաջին նիստը։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարները թմբուկների եւ վուվուզելների հնչյունների ներքո երթ են անում դեպի կառավարություն։

Կառավարության շենքի մուտքի մոտ կին ոստիկաններ են կանգնած, իսկ «Վերնիսաժի» հարեւանությամբ ոստիկաններով լի ավտոբուսներ կան: Այստեղ են նաեւ փոխոստիկանապետեր Սամվել Հովհաննիսյանը, Լյով Երանոսյանը, Հունան Պողոսյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով: