«Իմ քայլը» նախաձեռնության երթի մասնակիցները կառավարության դիմաց են անձրեւի տակ։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարները կանգնած են Հանրապետության հրապարակի կլոր գորգի մեջ, քայլում են, քննարկում։ Անձրեւից պաշտպանվելու համար նրանք տոպրակներ են օգտագործում։

Կառավարության շենքի մուտքի մոտ կին ոստիկաններ են կանգնած, իսկ «Վերնիսաժի» հարեւանությամբ ոստիկաններով լի ավտոբուսներ կան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով: