Երեւանի փողոցներում երթերից ամենաբազմամարդը Շենգավիթ վարչական շրջանում է. անցնելով Երեւանի մի շարք փողոցներով ցուցարարները շարժվում են դեպի Նժդեհի հրապարակ:

Երթի հետ են զինվորական համազգեստով մարդիկ եւ հոգեւորականներ:

Նշենք, որ այսօր առավոտից բողոքի մեծ ու փոքր ակցիաներ են ընթանում քաղաքի տարբեր հատվածներում: Մի խումբ ցուցարարներ առավոտյան փակել էին Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկը: Բժշկական համալսարանի ուսանողներն էլ բողոքի ակցիա էին իրականացրել Աբովյան-Հերացի հատվածում, որտեղ նրանց դեմ ոստիկանները ուժ են կիրառել եւ մի քանիսին բերման ենթարկել: Ցուցարարների են բերման ենթարկել նաեւ Ազատության պողոտայում տեղի ունեցած ակցիայից:

Բողոքի ակցիաներ են ընթանում նաեւ Վանաձոր, Գյումրի, Սեւան, Հրազդան քաղաքներում: Վանաձորում գործադուլ եւ դասադուլ է:

Գագարինի հատվածում ցուցարարները փակել են Երեւան-Սեւան մայրուղին: Սեւանի քաղաքապետը մարդկանց խնդրում է գոնե մի մասով բաց պահել մայրուղին, սակայն այն մինչ այս պահը փակ է:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են: Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրն այս պահին անհայտ է:

ԱԺ պատգամավորներին կալանավորելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է միջորդությամբ դիմի ԱԺ-ին՝ նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: