Վերջին 24 ժամվա մեջ եղել եմ կատարյալ մեկուսացման մեջ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին 24 ժամվա մեջ եղել եմ կատարյալ մեկուսացման մեջ: Այսինքն ես չգիտեմ բազմաթիվ ինֆորմացիաներ: Խնդրում եմ՝ ինձ հնարավորություն եք տալիս, որ 2 ժամով մեկուսանամ, գործընկերների հետ իրավիճակը հասկանամ, լուծեմ կալանքի տակ գտնվող մեր մյուս ընկերների ազատման հարցը: Ժամը 18.30-ին էստեղ հաղթանակ հանրահավաք կլինի»,-հայտարարեց նա:

Նշենք, որ քիչ առաջ Երեւան քաղաքի Ձերբակալվածների պահման վայրից ազատ են արձակվել «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը:

Այսօր առավոտից բողոքի մեծ ու փոքր ակցիաներ են ընթանում քաղաքի տարբեր հատվածներում: Բողոքի ակցիաներ են ընթացել նաեւ Վանաձոր, Գյումրի, Սեւան, Հրազդան քաղաքներում: Վանաձորում գործադուլ եւ դասադուլ է:

Գագարինի հատվածում ցուցարարները փակել են Երեւան-Սեւան մայրուղին:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել էին: