Վարչապետի ընտրությանը մի քանի օր է մնացել եւ պետք է ուշադիր լինել, որովհետեւ այսօր որոշ ուժեր փորձում են հակահեղափոխություն անել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր երեկոյան ժամը 19-ի հանրահավաքում շատ կարեւոր խոսակցություն պետք է լինի:

«Իմ կարծիքով առանց պետհամարանիշների կամ համարանիշները փակած ավտոմեքենաների ճռիկները դրա հետ են կապված ու պատահական չեն: Փորձում են մարդկանց շրջանում հեղափոխությունից դժգոհություն առաջացնել»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա շուրջ հավաքված քաղաքացիները կոչ արեցին չհամագործակցել ոչ մի քաղաքական ուժի հետ. «Մենակով սկսել ես, մենակով էլ ավարտի»,- նշում էին նրանք:

Հիշեցնենք, որ արդեն բազմաթիվ քաղաքական ուժեր են միացել Փաշինյանի գլխավորած շարժմանը: Դրանց թվում են ԲՀԿ-ն, «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը: