Ցանկություններս մեծ են, պետք է փորձեմ ամեն ինչ անել՝ ի բարօրություն հասարակական կարգի ապահովման եւ հանցավորության դեմ տարվող պայքարի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նորանշանակ փոխոստիկանապետ Արման Սարգսյանը:

«Հաշվի առնելով իմ առջեւ դրված խնդիրները, բնականաբար իմ պատրաստակամությունը, վճռականությունը, նպատակասլացությունը՝ համաձայնվել եմ, որովհետեւ ուզում եմ՝ ունենանք իրավահարգ, լավ հասարակություն, ամրապնդված իրավակարգ: Ամեն ինչ անելու եմ այդ արդյունքներին հասնելու համար, իմ ուժերի ներածին չափով»,- ասաց նա:

Արման Սարգսյանը նախկինում զբաղեցնում էր քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Նա ոստիկանապետի առաջին տեղակալ է նշանակվել  Հունան Պողոսյանի փոխարեն: Վերջինս հրաժարական էր ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի հրաժարականից անմիջապես հետո:

Հարցին, թե ինչ ժառանգություն է ստացել Հունան Պողոսյանից, Արման Սարգսյանը պատասխանեց. «Հունան Պողոսյանը շատ լավ ժառանգություն է ինձ թողել, իմ լավագույն ուսուցիչներից մեկն է եղել ու ոչ միայն իմ: Աշխատանքի բերումով նախկինում աշխատել եմ նրա ենթակայությամբ, շատ բան եմ սովորել նրանից եւ ոչ միայն ես: Հպարտ եմ, որ նման կարգի պրոֆեսիոնալի ենթակա եմ եղել»:

Արման Սարգսյանը վստահեցրեց, որ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ աշխատանքը կլինի արդյունավետ: