«Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլիփս» ընկերությունները կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել: Այս մասին նշված է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում նախօրեին կատարված հատուկ գործողությունների արդյունքների մասին ՀՀ ոստիկանության տրամադրած տեղեկությունում:

Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրինությունը չարաշահումներ է թույլ տվել:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 և 2017 թվականներին ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության միջեւ պետության կարիքների համար եւ երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու եւ ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր է կնքվել: Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները բաշխվել են ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջեւ՝ 30/70, 50/50 եւ 10/90 տոկոսային հարաբերակցությամբ:

Բացի այդ՝ 2017թ. կնքված պայմանագրով ճանապարհային ոստիկանությունը գանձած գումարների 10 տոկոսը մատուցվող ծառայությունների համար հատկացրել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը: Նույն պայմանագրով ճանապարհային ոստիկանությունը պարտավորվել է նաեւ ընկերությանն ամբողջությամբ հատուցել մատուցված ծառայությունների ծախսերը:

Ըստ «Սեքյուրիթի Դրիմ»-ի ներկայացրած հաշվետվությունների՝ նախնական տվյալներով պարզվել է նաեւ, որ ստեղծված համակարգերի սպասարկումը իրականացնելու համար «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պայմանագիր է կնքել «Էլլիպս» ընկերության հետ՝ դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ:

Մասնավորապես, նախորդ տարի կնքված պայմանագրով 2017թ. փետրվարից 2018թ. հունիս կազմվել են փաստացի չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա կազմված կեղծ հաշվետվությունները ներկայացվել են ճանապարհային ոստիկանություն: Արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ»  եւ «Էլլիպս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ:

Իրավապահները նաեւ տվյալներ ունեն այն մասին, որ նույն եղանակով հափշտակություններ են կատարվել նաեւ նախկինում, որոնց հետեւանքով պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում: Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները քննությամբ պարզվում են: