Արմավիրի մարզում բնակարանային գողությունների, հափշտակության, գողության փորձի աղմկահարույց գործով դատական նիստը հուլիսի 18-ին լարված մթնոլորտում անցավ:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական կողմը միջնորդություններ ներկայացրեց ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Դատավոր Վահե Խալաթյանը մերժեց երեք ամբաստանյալներին՝ Լեւոն Սմբատյանին, Խաժակն Ոսկանյանին եւ Արտավազդ Ղազարյանին ստորագրությամբ կամ գրավով ազատ արձակելու միջնորդությունները: Նշենք, որ մեղադրող Արա Մնացականյանը 3 միջնորդություններին էլ առարկեց՝ պատճառաբանելով, որ ամբաստանյալները, ազատության մեջ գտնվելով, կարող են խոչընդոտել դատաքննությանը, ինչպես նաեւ ներազդել առանցքային վկա Ալվինա Լեւոնյանի վրա:

Դատարանի կայացրած որոշումները պաշտպանական կողմին հունից հանեց: Մասնավորապես, պաշտպան Վահե Դանիելյանը դատավորին մեղադրեց պատվեր կատարելու մեջ: Խալաթյանի եւ Դանիելյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց:

«Պաշտպանական կողմի բերած բազմաթիվ փաստարկները ո՛չ դատարանն է լսում, ո՛չ էլ մեղադրողը: Դուք ինձ չեք լսո՞ւմ, հարգելի դատարան»,- Վահե Խալաթյանին  դիմեց պաշտպանը:

Դատավորն արձագանքեց. «Եթե ասեմ՝ չեմ լսում, կհավատա՞ք»: Ի պատասխան՝ Վահե Դանիելյանը հայտարարեց. «Կհավատամ, որովհետեւ այս որոշումը նվաստացնում է դատական իշխանության հեղինակությունը»:

Պաշտպանական կողմը պարբերաբար նաեւ հարց բարձրացրեց, թե ինչու է նույնաբովանդակ մեղադրանքներով մի ամբաստանյալն ազատության մեջ, իսկ մյուսները՝ կալանքի տակ: Խոսքը, մասնավորապես, ամբաստանյալ Վոլոդյա Կիրակոսյանի մասին է. նա միակն է, որ ստորագրությամբ ազատ է արձակվել: Ի դեպ՝ առանցքային վկա Ալվինա Լեւոնյանը Կիրակոսյանի կինն է:

Արտավազդ Ղազարյանի վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելուց հետո էլ դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո նիստերի դահլիճում Ղազարյանի հայրը՝ Աշոտ Ղազարյանը վիրավորական արտահայտություններ արեց եւ հայհոյեց մեղադրողին: Դատական կարգադրիչներին մի կերպ հաջողվեց ամբաստանյալի հորը դուրս բերել դահլիճից:

Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ 3 միջնորդությունները լսելուց եւ որոշումներ կայացնելուց հետո դատավոր Վահե Խալաթյանը նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը հուլիսի 20-ին է. այդ օրը միջնորդություններ կներկայացնեն մյուս ամբաստանյալների պաշտպանները:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ոստիկանության աշխատակից Վոլոդյա Աբրահամյանը եւ նրա ընկեր Լեւոն Սմբատյանը ավազակության կազմակերպչական գործողություններ են կատարել. նախապես ընտրել են հարմար կատարողի՝ նախկինում գողության համար դատապարտված Վռամ Շահինյանին, ստացել նրա վերաբերյալ համաձայնությունը, ընտրել են ավազակային հարձակման համար հարմար բնակարան՝ Արմավիր քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի տներից մեկը, որտեղ միայնակ բնակվել է տարեց Ռիմա Մխիթարյանը։

Ըստ մեղադրանքի՝ Աբրահամյանը տեղեկություններ է ունեցել այն մասին, որ Ռիմա Մխիթարյանը գումար եւ ոսկյա զարդեր ունի: Նրանք Լեւոն Սմբատյանի մեքենայով կատարող Վռամ Շահինյանին 2017թ. հունիսի 29-ին տեղափոխել են դեպքի վայրին կից տարածք, իսկ իրենք դեպքի վայրին անմիջականորեն հարող տարածքում սպասել են եւ հսկել Վռամ Շահինյանի շարժը։ Քիչ անց Վռամ Շահինյանն ավազակային հարձակում կատարելու նպատակով եւ դիտավորությամբ, լինգի օգտագործմամբ բացել է Ռիմա Մխիթարյանի տան դուռը եւ «WALTER» տեսակի օդաճնշիչ ատրճանակի գործադրելով՝ հարձակվել եւ հարվածներ է հասցրել կնոջը: Այդ ընթացքում Վռամ Շահինյանը տուժողից պահանջել է գումար եւ ոսկյա զարդեր, սակայն մերժում ստանալով՝ փնտրել եւ հյուրասենյակի սպասքապահարանի դարակից գտել է 100 հազար դրամ եւ ավազակությամբ հափշտակել այն: Բացի այդ՝ Վոլոդյա Աբրահամյանն ու Լեւոն Սմբատյանը Վռամ Շահինյանի եւ Վոլոդյա Կիրակոսյանի օգնությամբ Նալբանդյան գյուղի մեկ այլ բնակարանից 2017թ. հուլիսի 5-ին հափշտակել են 2000 դոլար եւ 20 հազար ռուբլի:

Այնուհետեւ Վոլոդյա Աբրահամյանը եւ Լեւոն Սմբատյանը կազմակերպել ու ղեկավարել են Հայկ Ավանեսյանի, Արտավազդ Ղազարյանի եւ Խաժակն Ոսկանյանի կողմից նախնական համաձայնությամբ խմբով, ապօրինի բնակարան մուտք գործելով ուրիշի զգալի չափի գույքի գաղտնի հափշտակության՝ գողության փորձի կատարումը: