News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 15-ին, մեկնարկեց բնակարանային գողությունների, հափշտակության, գողության փորձի աղմկահարույց գործով դատաքննությունը:

Այս գործով ամբաստանյալները 8-ն են, ըստ մեղադրանքի, կազմակերպիչը ոստիկանության աշխատակից Վոլոդյա Աբրահամյանն է: Գործով անցնողներից 3-ը Սեւանի բնակիչներ են, մյուսները՝ Արմավիրի մարզի:

Էջմիածնի նստավայրում, ըստ մեղադրող Արա Մնացականյանի հրապարակած մեղադրական եզրակացության, Վոլոդյա Աբրահամյանը և նրա ընկերը՝ Լևոն Սմբատյանը, կատարել են ավազակության կազմակերպչական գործողություններ. նախապես ընտրել են հարմար կատարողի՝ նախկինում գողության համար դատապարտված Վռամ Շահինյանին, ստացել նրա վերաբերյալ համաձայնությունը, ընտրել են ավազակային հարձակման համար հարմար բնակարան՝ Արմավիր քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի տներից մեկը, որտեղ միայնակ բնակվել է տարեց Ռիմա Մխիթարյանը։ Ըստ մեղադրանքի, Աբրահամյանը տեղեկություններ է ունեցել այն մասին, որ Ռիմա Մխիթարյանն ունի գումար և ոսկյա զարդեր։ Նրանք Լևոն Սմբատյանի մեքենայով կատարող Վռամ Շահինյանին 2017թ. հունիսի 29-ին տեղափոխել են դեպքի վայրին կից տարածք, իսկ իրենք դեպքի վայրին անմիջականորեն հարող տարածքում սպասել են և հսկել Վռամ Շահինյանի շարժը։ Քիչ անց Վռամ Շահինյանն ավազակային հարձակում կատարելու նպատակով և դիտավորությամբ, լինգի օգտագործմամբ բացել է Ռիմա Մխիթարյանի տան դուռը և նրա նկատմամբ «WALTER» տեսակի օդաճնշիչ ատրճանակի գործադրելով՝ հարձակվել եւ հարվածներ է հասցրել կնոջը: Այդ ընթացքում Վռամ Շահինյանը տուժողից պահանջել է գումար և ոսկյա զարդեր, սակայն մերժում ստանալով, փնտրել և հյուրասենյակի սպասքապահարանի դարակից գտել է 100 հազար դրամ եւ ավազակությամբ հափշտակել այն: Բացի դրանից, Վոլոդյա Աբրահամյանը և Լևոն Սմբատյանը Վռամ Շահինյանի եւ Վոլոդյա Կիրակոսյանի օգնությամբ Նալբանդյանի գյուղի մեկ այլ բնակարանից 2017թ. հուլիսի 5-ին գաղտնի հափշտակել են 2000 ԱՄՆ դոլար եւ 20 հազար ռուբլի:

Այնուհետև, Վոլոդյա Աբրահամյանը և Լևոն Սմբատյանը կազմակերպել ու ղեկավարել են Հայկ Ավանեսյանի, Արտավազդ Ղազարյանի և Խաժակն Ոսկանյանի կողմից նախնական համաձայնությամբ խմբով բնակարան ապօրինի մուտք գործելով ուրիշի զգալի չափի գույքի գաղտնի հափշտակության՝ գողության փորձի կատարումը:

Դատարանում ամբաստանյալ Վոլոդյա Աբրահամյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

«Մեղադրանքը սուտ է, ֆանտաստիկայի ժանրից»,- ասաց ոստիկանության արդեն նախկին աշխատակիցը:

Բժիշկ Լեւոն Սմբատյանը նույնպես հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Երբ հերթը հասավ Վռամ Շահինյանին դիրքորոշում հայտնելու մեղադրանքի մասին, դատարանում լարված իրավիճակ ստեղծվեց: Վռամ Շահինյանը մեղադրվում է նաեւ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության միջոցառումների սրահ մտնելու եւ այնտեղից 195 հազար դրամ արժեքով հեռուստացույց գողանալու մեջ: Մեղադրանքի հենց այս հատվածն էլ կարծես հունից հանել էր Վռամ Շահինյանին:

«Արա, այ мусор»,- ամբաստանյալներից Վոլոդյա Կիրակոսյանին դիմեց Վռամ Շահինյանն ու բարձրախոսով հարվածեց նրան: Դատավոր Վահե Խալաթյանը ստիպված էր 10 րոպե ընդմիջում հայտարարել, որից հետո էլ դատական սանկցիա կիրառեց Շահինյանի նկատմամբ նախազգուշացման տեսքով: Նշենք, որ Վոլոդյա Կիրակոսյանը 8 ամբաստանյալներից միակն է, որն ընդունում է առաջադրված մեղադրանքները: Ի դեպ, նա նաեւ միակն է, որն ազատության մեջ է, մյուսներն արդեն 8 ամիս կալանքի տակ են: Դատարանում նույնպես Վոլոդյա Կիրակոսյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է:

Ամբաստանյալներ Հայկ Ավանեսյանը, Արտավազդ Ղազարյանը եւ Խաժակն Ոսկանյանը, որոնք Սեւանի բնակիչներ են, հայտարարեցին, որ իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

«Գողության փորձն արել եմ Խաժակի հետ, որն իմ ընկերն է, բայց մնացածին ես չեմ ճանաչում, մեկը լիներ, ինձ կազմակերպեր, Խաժակն ընկերս ա, միասին ենք եղել, էդքան բան»,- ասաց Արտավազդ Ղազարյանը:

Խաժակն Ոսկանյանը կրկնեց Ղազարյանի խոսքը՝ նշելով կրկին, որ մյուս ամբաստանյալներին չի ճանաչում: Առաջադրված մեղադրանքը չընդունեց նաեւ Ներսես Հակոբյանը, որն ըստ մեղադրանքի, թմրամիջոց է իրացրել ամբաստանյալներից Լեւոն Սմբատյանին:

Դատական այսօրվա նիստն ավարտվեց: Հաջորդ նիստին կսկսվի վկաների հարցաքննությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ