Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` բազմադրվագ հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման ու ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու եւ պահելու հետ կապված ծանր հանցագործությունների դեպքեր:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում` մեղադրանք է առաջադրվել 8 անձի, այդ թվում` ոստիկանության նախկին աշխատակցի:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ Մեծամոր քաղաքի բնակիչ Վոլոդյա Աբրահամյանը, ով մինչեւ 2017 թվականի հուլիսի 14-ը ՀՀ ոստիկանության ծառայող է եղել, ընկերոջ` Լեւոն Սմբատյանի հետ պլանավորել եւ կազմակերպել են բնակարանային գողություններ եւ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում` նախապես ընտրելով իրենց ծրագրած հանցավոր արարքների կատարողներին, այդ թվում` նախկինում դատապարտված անձանց:

Վ. Աբրահամյանը, ոստիկանության համակարգում աշխատելիս առնչվելով Արմավիրի մարզի մի շարք բնակարանատերերի հետ, որոշակի տեղեկություններ է ունեցել վերջիններիս ունեցվածքի մասին եւ ըստ այդմ` ընկերոջ հետ նախապես ընտրել է ավազակային հարձակման եւ բնակարանային գողությունների համար առավել հարմար բնակարաններ: Այսպես, Վ. Աբրահամյանի եւ Լ. Սմբատյանի նախաձեռնած ավազակային հարձակումը վերջիններիս ցուցումներով եւ ղեկավարմամբ կատարել է նախկինում գողության համար դատապարտված Վռամ Շահինյանը, ով 29.06.2017թ.-ի գիշերն ապօրինի մուտք է գործել Արմավիր քաղաքի բնակչի բնակարան, այնուհետեւ զենքի գործադրմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրա նկատմամբ` պահանջելով ոսկեղեն եւ դրամ, սակայն տուժողի հրաժարվելուց հետո բնակարանից հափշտակել է 100.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Վ. Աբրահամյանը եւ Լ. Սմբատյանը 05.07.2017թ.-ին կազմակերպել եւ ղեկավարել են Արմավիրի մարզի եւս մեկ բնակարանից կատարված հափշտակությունը` հիշյալ հանցավոր արարքի կատարմանը ներգրավելով Վռամ Շահինյանին եւ իրենց մյուս ընկերոջը` Վոլոդյա  Կիրակոսյանին: Վերջինիս օժանդակությամբ Վռամ Շահինյանը հիշյալ բնակարանից հափշտակել է խոշոր չափերով` 1.124.000 ՀՀ դրամի չափով գումար: Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաեւ Վռամ Շահինյանի կողմից տարբեր բնակարաններից կատարված գույքի հափշտակության եւս երկու դեպքեր:

Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Լ. Սմբատյանն ու Վ. Աբրահամյանն իրենց ծրագրած մեկ այլ հափշտակության կատարմանը ներգրավվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ Հայկ Ավանեսյանին, Արտավազդ Ղազարյանին եւ Խաժակն Ոսկանյանին, ովքեր նախնական համաձայնությամբ` խմբով, 18.07.2018թ.-ին ապօրինի մուտք են գործել Մեծամոր քաղաքի բնակարաններից մեկը եւ փորձել այնտեղից հափշտակել կանացի զարդեր եւ այլ իրեր, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ հանցանքի կատարման պահին բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ի դեպ, հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու եւ պահելու հետ կապված հանցագործության դեպք: Մասնավորապես, նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել Արմավիր քաղաքի բնակիչ Ներսես Հակոբյանի կողմից ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու վերաբերյալ: Ստացված տեղեկություններն ստուգելու նպատակով` 09.08.2017թ.-ին վերջինիս բնակարանում եւ աշխատավայրում կատարված խուզարկություններով հայտնաբերվել եւ առգրավվել է խոշոր չափերի` ընդհանուր առմամբ 469.5 գրամ հաշիշ եւ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ն. Հակոբյանը մարիխուանա տեսակի թմրամիջոցի մի մասն ապօրինի իրացրել է վերը նշված հափշտակությունների կազմակերպիչներից մեկին` Լեւոն Սմբատյանին: Դրանից բացի, հիմնավորվել է, որ վերջինս ապօրինի կերպով ձեռք է բերել եւ պահել ռազմամթերք հանդիսացող 6 մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են նրա ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

Վոլոդյա Աբրահամյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,

Լեւոն Սմբատյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ եւ 4-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով,

Վռամ Շահինյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ  կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,

Վոլոդյա Կիրակոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,

Հայկ Ավանեսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,

Արտավազդ Ղազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով,

Խաժակն Ոսկանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդածի 3-րդ մասի 1.1 կետով,

Ներսես Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ութ մեղադրյալներից յոթի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: