Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը հայտնի է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ դրանք տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Հանձնաժողովը նաեւ ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանել սեպտեմբերի 3-ը: Արտահերթ ընտրությունների ժամանակ քարոզարշավի ժամկետը կրճատվում է: Այս անգամ քարոզարշավը կտեւի 11 օր՝ կմեկնարկի սեպտեմբերի 10-ին եւ կավարտվի սեպտեմբերի 21-ին:

Ի տարբերություն 2017 թվականի՝ «Ելք»-ն այս անգամ ընտրություններին դաշինքով չի մասնակցի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի միայնակ. այստեղ քաղաքապետի թեկնածու են առաջադրել դերասան Հայկ Մարությանին: «Ելք»-ի մյուս՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների թեկնածուն էլ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է, «Ժառանգությունն» էլ որոշել է առաջադրել կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտնել են քաղաքական այլ ուժեր եւս:

Մարտի 1-ի գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկություն է կատարվել: Հատուկ քննչական ծառայությունում հաստատել են լուրը, սակայն այլ մանրամասներ հրաժարվել են հայտնել: Նախաքննության գաղտնիքը պատճառաբանելով՝ խուզարկությունից մանրամասներ չեն հայտնում նաեւ Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանները: Նրա գրասենյակի ղեկավարը, սակայն, նշել է, որ խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու է տեղեկությունը հիմա տարածվել:  Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ գրասենյակում խուզարկել են Ռոբերտ Քոչարյանի աշխատասենյակը:

Ավելի ուշ պարզաբանում է տարածել Հատուկ քննչական ծառայությունը՝ նշելով, որ խուզարկության մասին չեն տեղեկացրել, քանի որ չեն կարեւորել այդ հանգամանքը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի որոշմամբ 2 ամսով կալանավորված Ռոբերտ Քոչարյանին Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին ազատ արձակեց նիստերի դահլիճից՝ հաշվի առնելով երկրորդ նախագահի անձեռնմխելիությունը:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը՝ Ամբիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ամբիկ Գեւորգյանին ձերբակալել էին փաստացի նրա անունով գրանցված, բայց Հովիկ Աբրահամյանին պատկանող նախկին գործարանի տարածքում Ազգային ավտանգության ծառայության իրականացրած խուզարկությունից հետո: ԱԱԾ-ն այստեղ ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք էր հայտնաբերել: Կասկածներ կան, որ դրանք կարող են 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ժամանակ օգտագործված լինել ցուցարարների դեմ: Գործով ձերբակալվել, ապա կալանավորվել է նաեւ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը:

Արմավիրի մարզում տեղացած հերթական հորդառատ անձրեւները լուրջ վնաս են հասցրել գյուղատնտեսությանը: Մասնավորապես, Շենիկ, Քարակերտ եւ Դալարիկ համայնքներում բերքի մեծ մասը ոչնչացել է: Տեղաբնակներն ասում են՝ այսքան հզոր սելավ վերջին 10 տարիներին չի եղել: Բնության տարերքը մի քանի տասնյակ տոննա ձմերուկի բերքը ոչնչացրել է, մի քանի գյուղացիներ էլ ստիպված են եղել ջրից փրկել խոշոր եղջերավոր անասուններին: Ջուրը ողողել է նաեւ խաղողի այգիները, լցվել տների նկուղներն ու անասնագոմերը: Տեւական անձրեւի հոսքն այս համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել հեռացնել: Արդյունքում ջրահեռացման համակարգը նույնպես վնասվել է: Մարզպետարանի աշխատանքային խումբն արդեն ուսումնասիրություն է սկսել՝ արտակարգ իրավիճակի հետեւանքով պատճառված վնասները գնահատելու համար:

Թբիլիսիում խոշոր ավտովթարի հետեւանքով Հայաստանի 9 քաղաքացի հիվանդանոցներ են տեղափոխվել: Կեսգիշերն անց Վրաստանի մայրաքաղաքի Էլիավա շուկայի մոտակայքում բախվել են «Mercedes Minivan» եւ «Mercedes CLK» մակնիշների մեքենաները: Տուժածների թվում 7-ամյա երեխա կա: Հոսպիտալացվածներից մեկի՝ 37-ամյա Արամ Խաչատրյանի վիճակը բժիշկները ծանր են գնահատել: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից 29-ամյա Մարիա Պանյանը մահացել է:

Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Նա վախճանվել է կարճատեւ հիվանդությունից հետո: Անանը 80 տարեկան էր: Քոֆի Անանը Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 7-րդ գլխավոր քարտուղարը. նա կառույցը ղեկավարել է 1997-ից 2006 թվականներին: 2001 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Քոֆի Անանին մարդասիրական գործունեության իսկական առաջնորդ եւ խաղաղության մարտիկ էին անվանում: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ղեկավարը նրա մահն ամբողջ աշխարհի համար մեծ կորուստ է համարում:

Օգոստոսի 20-ին դոլարը փոքր-ինչ նվազել է, եվրոն եւ ռուբլին՝ թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 551, ռուբլունը՝ 7 դրամ 20 լումա, ֆունտինը՝ 615 դրամ:

Օգոստոսի 21-ին երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես առանձին հատվածներում հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն: