Գործարար Ռուբեն Վարդանյանի պատկերացումները Հայաստանի հարկային օրենսգրքի վերաբերյալ երեւի այնքան էլ խորը չեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել էր, որ Հայաստանում կա 18 հարկատեսակ, մինչդեռ Վրաստանում՝ 6 է:

«Մենք էլ ունենք 6 հարկատեսակ: Ուղղակի հարկային օրենսգիրք ենք բերել բոլոր պարտադիր վճարները, որոնք նախկինում, օրինակ, կոչվել են պարտադիր վճար, տուրք, բայց հարկ չեն կոչվել։ Դրա համար դրանք արդեն վճարի փոխարեն անվանում ենք հարկ: Օրինակ վստահ եմ, որ Վրաստանում էլ կա ճանապարհային հարկ, բայց դա չի կոչվի հարկ, այլ կկոչվի վճար այսինչ բանի համար: Եթե մենք ավանդական հարկերը հաշվենք, մեզ մոտ էլ է 6-ը՝ շահութահարկ, եկամտային հարկ, ԱԱՀ, ակցիզային հարկ եւ գույքային հարկեր: Դրաից հետո գնում է շրջանառության հարկ, որը ոչ թե առանձին հարկատեսակ է, այլ փոխարինում է այն հիմնական հարկատեսակներից երկուսին: Առաջվա արտոնագրային վճարն էլ ենք կոչում հարկ»,-ասաց Դավիթ Անանյանը:

Նա խոստովանեց, որ Վրաստանի հարկային օրենսդրությունն ավելի պարզ է, քան Հայաստանինը, բայց այդ ուղղությամբ մենք աշխատանքներ տանում ենք:

«Ո՞րն է Հայաստանի եկամտաբեր ընկերությունը». Ռուբեն Վարդանյանը Փաշինյանին կոչ արեց անցնել թվերի լեզվի