News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն եւ հանգստություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում հայ գործարարների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ նշել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը՝ մի շարք հարցեր բարձրացնելով:

«Ի՞նչ պետք է անել, որ Հայաստանում լինի կայունություն, հանդարտություն, կանխատեսելիություն, փոխգործակցություն տարբեր խմբերի միջեւ: Մենք չէինք ցանկանա, ու Հայաստանում, Աստված չանի, անկայությունուն լինի, եւ քաղաքական ռիսկեր առաջանան:

Երկրորդ, բիզնեսի համար կարեւոր է, թե որքան է շահութաբերությունը: Այսօր մենք մրցունակ չենք Վրաստանի ու անգամ Բելառուսի համեմատ: Ո՞րն է Հայաստանի եկամտաբեր ընկերությունը: Ես այս հարցը տվել եմ բոլոր նախորդ վարչապետերին: Ի՞նչ եկամտաբերություն ունեն այս կամ այն ոլորտի ընկերությունները: Ասենք՝ կարո՞ղ եք ասել, որ այս ոլորտում աշխատող ընկերությունն ունի այսքան եկամտաբերություն: Հայաստանում բոլոր հարկերը վճարելուց հետո պետք է գործարարն ավելի շատ գումար աշխատի, քան ավելի անվտանգ ու ավելի բարձր վարկանիշ ունեցող երկրում»:

Ռուբեն Վարդանյանը կոչ արեց անցնել թվերի լեզվի. «Քանի որ մեզ մոտ գորածարար հանդիպում է, ոչ թե հանարահավաք, եթե կարելի է, խոսենք թվերով, այլ ոչ թե կոչերով ու կարգախոսներով: Մենք դրանք արդեն շատ ենք լսել: Գործարարները պետք է հասկանան, թե ո՞ր ոլորտում կարող են ներդրում անել, որքա՞ն կլինի վերադարձելիությունը, ինչպիսի՞ն կլինեն հարկերը: Հայաստանում խնդիր է այն, որ եթե անգամ ամեն ինչ օրենքով ես անում, ներդրված գումարը հետ բերելու ռիսկերը շատ բարձր են: Օրինակ՝ բանկային ոլորտում դրանք 6 տոկոսով ցածր են, քան Վրաստանում: Ինչպե՞ս անել, որ ձենռնտու լինի ներդրում անելը Հայաստանում: Վրաստանում 6 հարկատեսակ է, Հայաստանում՝ 18: Ի՞նչ եք անում, որ Հայաստանում էլ լինի 6 հարկատեսակ: Հայաստանում հարգանքի բացակայությունը ներդրողի նկատմամբ ֆանտաստիկ է»,- հայտարարել է գործարարը:

Նա նաեւ հարցրել է, թե ինչ է անում Հայաստանի իշխանությունն ու կառավարությունը սփյուռքի համար, այդ թվում՝ Ռուսաստանի: «Դուք այժմ ՌԴ-ում եք, այստեղ 2 մլն հայ է ապրում: Ես ՀՀ անձնագիր չունեմ, ապրում եմ իմ կյանքով, իհարկե՝ մտահոգվելով հայրենիքի համար: Ի՞նչ կարող է տալ Հայաստանը Ռուսաստանի հայ համայնքին: Մենք սովոր ենք լսել, որ բոլորը «պետք է տան» Հայաստանին, իսկ ի՞նչ է տալու Հայաստանը սփյուռքին: Այստեղ եւս անարգալից հարաբերություններ են։ «Մեզ տվեք գումար, մենք ձեզ լավ կդիմավորենք, հյուրընկալենք» ձեւաչափն անկենսունակ է: Ի՞նչ եք անելու, որպեսզի սփյուռքի հետ հարաբերությունների բարելավում լինի»:

Պատասխանելով Ռուբեն Վարդանյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է հարկային օրենսգրքի փոփոխության մասին: Նա ներկայացրեց եկամտահարկի նվազեցման նախագիծը, ասաց, որ քննարկում են փոքր բիզնեսը որոշակի հարկերից ազատելու տարբերակը, եւ նպատակը Հարկային օրենսգիրքը պարզեցնելն է:

Անդրադառնալով եկամտաբերության վերաբերյալ հարցին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում անգամ մինչեւ հիմա չգիտեն, թե մեկ կգ կարտոֆիլի ինքնարժեքն ինչքան է. «Դուք ասում եք՝ Հայաստանը Վրաստանի հետ մրցունակության խնդիր ունի. դրա պատճառներից մեկն այն է, որ Վրաստանում գուցե կոռուպցիայի մակարդակն էնպիսին չի եղել, ինչպես Հայաստանում: Մենք չենք ասում, որ ամենախելոքն ենք, ոչ մեկիդ աջակցության կարիքը չունենք, բոլոր հարցերը կլուծենք: Հիմա եթե ՀՀ կառավարությունը չի կարողանում ասել, թե որն է ՀՀ-ում ամենաշահութաբեր բիզնեսը, էդ հարցում էլ Դուք օգնեք, ասեք, թե որն է: Ի վերջո՝ այդ հաշվարկը պետք է հիմնված լինի հրապարակային թվերի վրա: Ես զարմանում եմ, որ Դուք այդքան ներվ եք ունեցել, 5-6 վարչապետի նույն հարցը տվել եք ու արձանագրել, որ նրանք դա չգիտեն: Դուք շատ լավ թիմ ունեք, պարոն Վարդանյան, ասեք, թող հաշվեն, տան կառավարությանը, ես էլ թուղթը գրպանումս պահեմ, որ հաջորդ անգամ հարցնեն՝ հանեմ, ասեմ՝ եկամտաբերությունն այսքան է»:

Ռուբեն Վարդանյանն արձագանքեց, որ իրենք պատրաստ են օգնել այդ հարցում: «Մենք սիրով դա կանեինք, բայց քանի որ Դուք որոշել եք դադարեցնել նման մի կառուցի գործունեությունը... մենք նախորդ շաբաթ գրություն ստացանք եւ ենթադրեցինք, որ Դուք ինքներդ եք որոշել դա անել»:

«Խոսքը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մասի՞ն է: Այդ կենտրոնը երկու տարի է՝ գործում է, մինչ օրս այդ հարցի պատասխանը չի ստացվել: Եթե դա ամենակարեւոր հարցերից էր, բա այդ կենտրոնը ինչո՞վ է զբաղվել»,- արձագանքեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նաեւ ասել է, որ Հայաստանում, նախարարություններին զուգահեռ, կան այլընտրանքային պետական համակարգեր՝ ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ, որոնք իրականացնում են այն գործառույթները, որ պետք է իրակացնեն նախարարությունները: «Եվ այդ մարդիկ ստանում են վարչապետից, նախագահից բարձր աշխատավարձեր, բայց երբ կանչում, հարցնում ենք՝ ի՞նչ եք արել, պարզվում է՝ ոչինչ: Մեր պետական համակարգն ունի էլիտար եւ ոչ էլիտար մաս, եւ այդ երկուսին միավորում է մեկ բան՝ երկուսն էլ ոչինչ չեն անում: Պարզապես մի մասը ոչինչ չանելու համար բարձր աշխատավարձ է ստանում, մյուս մասը՝ ցածր: Ես ասում եմ՝ դադարեցնում ենք սա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ երկրում պետք է նախարարություններ էլ փակվեն, պետք է միավորվեն. «Ինչո՞ւ Հայաստանում պետք է 17 նախարարություն լինի, ինչո՞վ են նրանք զբաղված իրենց բազմաթիվ աշխատակիցներով: Մեր երկրում պետք է նախարարություններ էլ փակվեն, պետք է միավորվեն, պետք է հակամարգն օպտիմալանա: Օրինակ՝ տրանսպորտի նախարարության կառուցվածքը քննարկելիս, պարզվում է, Հայաստանում կար առաջարկ նավավարի հաստիքներ բացել»:

ՀՀ վարչապետը նաեւ նկատել է, որ հիմա Հայաստանում բարեփոխվում է հարկային օրենսգիրքը, ավելի պարզեցվում է, կնվազեցվի եկամտային հարկը, փոքր բիզնեսի համար որոշ հարկեր ընդհանրապես կհանվեն:

Փաշինյանն անդրադարձել է նաեւ Ռուսաստանում հայ համայնքի խնդրին՝ նշելով, որ նախկինում Հայաստանի կլանային պատերազմները տեղափոխվել են համայնքային մակարդակ, սփյուռքի մակարդակ. «Ինչպես Հայաստանում են եղել խմբավորումներ, այդպես էլ սփյուռքում են ձեւավորվել խմբավորումներ: Հիմա այդպես չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news