Սեպտեմբերի 15-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը (ԶՈՒ) անօդաչու սարքերով և հրթիռներով զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի շրջանների վրա։ Սամարայի մարզը ենթարկվել է ավելի քան 40 անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ «Վնասներ կան արդյունաբերական ձեռնարկություններից մեկում, ինչպես նաև մի քանի բնակելի օբյեկտներում», — գրել է նա Telegram-ի իր ալիքում՝ ճշտելով, որ զոհեր չկան։ Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ հարվածի տակ է հայտնվել Սիզրանի նավթավերամշակման գործարանը։ Հարձակման հետևանքով ձեռնարկության տարածքում բռնկվել են նավթամթերքներով լցված պահեստարանները։ Մինչ այդ անօդաչու սարքերը հարվածել էին «Ռոսնեֆտ»-ին պատկանող նավթավերամշակման գործարանին օգոստոսի 4-ին։
Ռոստովի մարզում զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով արձանագրվել են «բազմաթիվ հետևանքներ գետնի վրա» և մի քանի հրդեհներ, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Յուրի Սլյուսարը։ Նրա տվյալներով՝ վնասվել են երկու բազմաբնակարան և երեք առանձնատներ, ուսումնական հաստատություն, առևտրային շենքեր, գյուղատնտեսական ձեռնարկությունների պահեստներ, մթերային խանութ և Ozon-ի լոգիստիկ կենտրոնը։ «Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ զոհվածներ և տուժածներ չկան», — գրել է Սլյուսարը։ Ինչպես պնդում է Exilenova+-ը, հրթիռային հարվածի թիրախներից մեկը եղել է Գ. Վ. Բերիևի անվան Տագանրոգի ավիացիոն գիտատեխնիկական համալիրը, որտեղ իրականացվում են ռազմական ինքնաթիռների վերանորոգում և արդիականացում։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնել են միմյանց էներգետիկ օբյեկտներին հարվածներ չհասցնել։ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Կիևը պատրաստ է հրաժարվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներից, եթե Ուկրաինայի գործընկերները կարողանան երաշխավորել երկրի էներգետիկայի վրա Ռուսաստանի հարվածների դադարեցումը։ Նրա խոսքով՝ համաձայնությունը պետք է լինի հուսալի և երկարաժամկետ։





























