ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ամենամեծ թվով օբյեկտներ ունեցող երկրների ցանկը գլխավորում է Իտալիան՝ 62 օբյեկտով։
Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 61 օբյեկտով։ Այնուհետև հաջորդում են Ֆրանսիան (56), Գերմանիան (55) և Իսպանիան (50), որը եզրափակում է առաջին հնգյակը։ Հնդկաստանը վեցերորդ տեղում է՝ 45 օբյեկտով։ Հայաստանում, ըստ ցանկի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների շարքում ներառված են Հաղպատի և Սանահինի վանքերը, Սուրբ Էջմիածնի մայր տաճարը, Զվարթնոցի հնագիտական հուշարձանը, Գեղարդի վանքը և Ազատի վերին հովիտը։
Իտալիայի բարձր դիրքը բացատրվում է մշակութային ժառանգության բացառիկ բարձր խտությամբ, որն ընդգրկում է Հին Հռոմի ժամանակաշրջանը, միջնադարյան քաղաքները, ինչպես նաև Վերածննդի դարաշրջանի արվեստն ու ճարտարապետությունը։ Միևնույն ժամանակ իտալական ցանկում ներկայացված են ոչ միայն հայտնի հուշարձաններ․ այն ներառում է նաև բնական օբյեկտներ և մշակութային լանդշաֆտներ՝ ցույց տալով, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն որքան լայն է մեկնաբանում համաշխարհային ժառանգության հասկացությունը։
Չինաստանի 61 օբյեկտ նույնպես ընդգրկում է մի քանի հազարամյակների պատմություն և ներառում խոշոր բնական տարածքներ։ Կայսերական և կրոնական ժառանգության, ինչպես նաև հնագիտական հուշարձանների հետ մեկտեղ ցանկում ընդգրկված են եզակի կենսաբազմազանությամբ տարածքներ, կարստային լանդշաֆտներ և լեռնային շրջաններ։
Ավելի լայն համատեքստում Եվրոպան և Ասիան միասին ապահովում են քարտեզում ներկայացված օբյեկտների ավելի քան 70%-ը, հաղորդում է Naked Science-ը։ Համաշխարհային ժառանգության կարգավիճակ ստանալու համար օբյեկտը պետք է ունենա «բացառիկ համընդհանուր արժեք» և համապատասխանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած տասը չափանիշներից առնվազն մեկին՝ սկսած մարդկային ստեղծագործական հանճարի գլուխգործոց ճանաչվելուց մինչև բացառիկ արժեք ունեցող բնական բնակավայրերի առկայություն, որոնք կարևոր նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանման համար։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային ժառանգության օբյեկտները բաժանում է մշակութային, բնական և խառը տեսակների։





























