ՉԺՀ-ի արտգործնախարար Վան Ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ, հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ում։
«Վան Ին հայտարարել է, որ երկու պետությունների ղեկավարների ռազմավարական առաջնորդության ներքո չին-ֆրանսիական հարաբերություններն ընդհանուր առմամբ պահպանում են զարգացման կայուն դինամիկան։
Հաշվի առնելով ներկայիս բարդ և անկայուն միջազգային իրավիճակը՝ Չինաստանն ու Ֆրանսիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, պետք է ամրապնդեն ռազմավարական փոխգործակցությունը և համատեղ արձագանքեն ռիսկերին ու մարտահրավերներին։ Չինաստանն ակտիվորեն աջակցում է Ֆրանսիայի նախագահությանը Անվտանգության խորհրդում այս ամիս և ակնկալում է, որ Ֆրանսիան կնպաստի նրան, որպեսզի Անվտանգության խորհուրդը պատշաճ կերպով կատարի իր դերը։
Վան Ին նշել է, որ «մեկ Չինաստանի» սկզբունքը Չինաստանի և Ֆրանսիայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության քաղաքական հիմքն է։
Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիան կոնկրետ գործողություններով կպաշտպանի «մեկ Չինաստանի» սկզբունքը, ձեռնպահ կմնա Թայվանի հետ պաշտոնական շփումների ցանկացած ձևից և կխուսափի «Թայվանի անկախությունը» պաշտպանող ուժերին սխալ ազդակներ ուղարկելուց։
Չինաստանն ու ԵՄ-ն պետք է հավատարիմ մնան գործընկերության, փոխադարձ շահի և փոխշահավետ համագործակցության, փոխադարձ բացության սկզբունքներին և կառուցողական երկխոսության միջոցով պատշաճ կերպով լուծեն ընթացիկ առևտրային տարաձայնությունները՝ խուսափելով դիմակայության սրացումից։ Պաշտպանողականությունը չի բարձրացնի Եվրոպայի մրցունակությունը, ընդհակառակը՝ այն կզրկի սպառողներին բարձրորակ ապրանքներից մատչելի գներով, կբարձրացնի գնաճը և կդանդաղեցնի «կանաչ» անցման գործընթացը։
Չինաստանը համաշխարհային խոշորագույն շուկաներից մեկն է, և Չինաստանի զարգացումը ԵՄ-ի համար հնարավորություն է, ոչ թե մարտահրավեր։ Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիան, որպես ռազմավարական տեսլական ունեցող խոշոր տերություն, կզբաղեցնի գործնական և բանական դիրքորոշում՝ խթանելու համար, որ ԵՄ-ն Չինաստանի հետ համագործակցի նույն ուղղությամբ, ավելի ճիշտ գնահատի Չինաստանի զարգացումը և դրական դեր խաղա չին-եվրոպական հարաբերությունների կայունության մեջ։
Բարոն հայտարարել է, որ անցյալ տարի Մակրոնի Չինաստան այցից ի վեր Ֆրանսիան և Չինաստանը փոխըմբռնման են ձգտում ՝ միաժամանակ պահպանելով տարաձայնությունները և շարունակելով երկխոսությունը, աջակցելով երկկողմ հարաբերությունների զարգացման ընդհանուր դինամիկային։ Ֆրանսիան հաստատուն կերպով հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը։ Մինչ ԵՄ-ի և Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները ներկայում բախվում են դժվարությունների և մարտահրավերների, Ֆրանսիան պատրաստ է նպաստել ԵՄ-ի և Չինաստանի միջև կառուցողական փոխանակմանը՝ լուծումներ գտնելու համար։
Կողմերը միաժամանակ կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, դրանց թվում՝ Իրանում իրավիճակի և Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ։ Վան Ին ներկայացրել է Չինաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ նշելով, որ Սի Ծինպինի՝ Մերձավոր Արևելքում անվտանգության նոր ճարտարապետություն ստեղծելու վերաբերյալ չորս կետից բաղկացած նախաձեռնությունը օգտակար է հասարակության համար, նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և խաղում է կառուցողական դեր»,- նշել են Չինաստանի ԱԳ նախարարությունում։





























