Մարդկության՝ արհեստական բանականության կողմից ոչնչացվելու հեռանկարը մշուշոտ է։ Սակայն այդ տեխնոլոգիան ի վիճակի է հսկայական վնաս հասցնել, և այդ դեպքում վտանգի տակ կհայտնվեն արդեն դրա ստեղծողների կյանքերը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է РБК-ն:
Այսպես է Մեդվեդևն արձագանքել է ԱԲ ոլորտի առաջատար ներկայացուցիչների, դրանց թվում՝ xAI ընկերության ղեկավար Իլոն Մասկի հայտարարություններին, ըստ որոնց տեխնոլոգիայի զարգացումը պետք է դադարեցնել՝ մարդկության համար ճակատագրական հետևանքներից խուսափելու նպատակով։
Մեդվեդևը նրանց վախերը իրական է համարել, սակայն նշել է, որ ԱԲ ընկերությունների ղեկավարները մինչև վերջ չեն ասում, թե իրականում ինչից են վախենում։ «Գեներատիվ արհեստական բանականության տարբեր տարբերակների ստեղծողները անկեղծ չեն։ Նրանք վախենում են ոչ թե մեզ համար և ոչ էլ Sapiens-ի համար ընդհանրապես։ Նրանք վախենում են ոչ թե նրանից, որ իր հզորությունից լկտիացած AI-ն կկործանի մարդկությանը։ Դրա հեռանկարը բավական մշուշոտ է»,- նշել է նա։
Նրա կարծիքով՝ ավելի իրական է այն սցենարը, որի դեպքում ԱԲ-ի հիման վրա ստեղծված ծրագիրը, որը ներգրավված է խոշոր արտադրության կամ տրանսպորտային հանգույցի կառավարման մեջ, կհասցնի հսկայական վնաս՝ օրինակ, կբախեցնի ինքնաթիռներ կամ կկործանի բենզալցակայան։ «Եվ այդ ժամանակ արդեն կգան generative AI-ի ստեղծողների հետևից»,- հավելել է Մեդվեդևը։
Ինչպես կարծում է Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը, տրամաբանական կլիներ պայմանավորվել ԱԲ-ի կարգավորման մեթոդների շուրջ, սակայն դրան, ինչպես պնդում է Մեդվեդևը, կխանգարեն «կորպորացիաների ագահությունը և մարդկային կրքերի անհագությունը»։
«Այդ պատճառով մնում է միայն մեկ բան՝ հույս դնել հաղթողի ողորմածության վրա։ Այն հումանիզմի վրա, որը կցուցաբերի մեր սիրելի, մարդու ձեռքով ստեղծված խելքի տոպրակը՝ AI-ն։
Նա առայժմ ակնհայտ հույզեր չունի, բայց թե ինչպիսին կլինի մեծ սուպերբանականությունը, մենք չգիտենք։ Գուցե խղճա ծնողներին», — եզրափակել է նա։





























