Մինչ այժմ Գերմանիայի ամենահին քաղաքը համարվում էր Տրիրը, որի մոտ հայտնաբերվել էին Մոզել գետի վրայով անցնող հռոմեական կամրջի հենասյուները, որոնց տարիքը 2043 տարի է։ Սակայն վերջին հնագիտական տվյալները ցույց են տալիս, որ Տրիրի ամենահին փողոցները կառուցվել են զգալիորեն ավելի ուշ՝ միայն մեր թվարկության առաջին տասնամյակում։ Անվիճելի է միայն մեկ բան. հենց այստեղ է գտնվում Գերմանիայի տարածքում պահպանված ամենահին շինությունը՝ հռոմեական Սև դարպասները, որոնք ավելի քան 1850 տարեկան են, գրում է DW-ն։

Տրիրին մարտահրավեր է նետում Բավարիայի Քեմպտեն քաղաքը։ Այն արդեն համարվում է «Գերմանիայի ամենահինավուրց քաղաքը, որը հիշատակվում է գրավոր աղբյուրներում». մ.թ. 18 թվականին անտիկ պատմիչ Ստրաբոնը իր «Աշխարհագրություն» աշխատության մեջ նշել է «պոլիս» Կամբոդունոն անվանմամբ բնակավայրի տեղադրությունը։ Այժմ Քեմպտենի հավակնությունները հաստատվել են գիտական տվյալներով. հնագետներն այստեղ պեղել են ֆորումի ավերակներ, որոնք նախնական տվյալներով թվագրվում են մ.թ. 5 թվականին, ինչպես նաև նույն թվականին հատված մետաղադրամներ։

Գերմանիայի ամենահին քաղաքի կոչման ևս մեկ հավակնորդ է Ռայնլանդ-Պֆալց երկրամասի Վորմս քաղաքը։ Պեղումների տվյալները ապացուցում են, որ մարդիկ այս վայրում ապրել են դեռևս մ.թ.ա. 5000 թվականին՝ քարե դարում։ Սակայն շատ ավելի ուշ այստեղ եկած հռոմեացիները քաղաք կառուցել են միայն մ.թ. I դարում, այսինքն՝ դա արդեն այլ բնակավայր էր, որն ավելի երիտասարդ էր, քան Տրիրը և Քեմպտենը, ասում են գիտնականները։

Մյուս խնդիրը վերաբերում է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Հոյնեբուրգին։ Մ.թ.ա. 600-550 թվականների ընթացքում այս հին կելտական բնակավայրում կարող էր ապրել մոտ 5000 մարդ՝ այդ ժամանակների համար հսկայական թիվ։ Սակայն մ.թ.ա. մոտ 450 թվականին Հոյնեբուրգի բնակիչները լքել են այն՝ հավանաբար ավերիչ հրդեհից հետո։ Այդ ժամանակից ի վեր այս քաղաքը չի վերականգնվել, ուստի այն չի կարելի անվանել Գերմանիայի ամենահինավուրց քաղաք։ Սակայն հնագետների համար սա կարևորագույն պեղավայր է, որտեղ հայտնաբերվել են ոչ միայն շինություններ, այլև ոսկուց և սաթից պատրաստված կելտական զարդեր։