Հայկ Մարությանը պաշտոնապես դարձավ Երեւանի քաղաքապետ։ Դա ազդարարեց խորհրդանիշ լանջաշղթան, որը նրա պարանոցին անցկացրեց ոչ թե տարիքով ավագը, այլ մայրաքաղաքի պատվավոր քաղաքացիներ Տիգրան Մանսուրյանն ու Արթուր Իսպիրյանը։ Երդմնակալությունը նախորդներից տարբեր դարձրեց նաեւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հեղափոխական «տերմինաբանությամբ» օրհնանքը Հայկ Մարությանին։ 
Երդմնակալությունից հետո լրագրողների մոտ Հայկ Մարությանը մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց. պարզվում է՝ նա փոխել է 5 տարի առաջվա կարծիքը տրանսպորտի թանկացման մասին։
Քաղաքապետն արդեն վստահ է, որ այս հարցը հանրաքվեով պետք է լուծել. երեւանցիները պետք է որոշեն՝ տրանսպորտի գինը բարձրացնել, թե ոչ։ Կարմիր գծերի մասին նախորդ իշխանությունների որոշումը չեն վերանայելու. Մարությանը բացատրեց՝ ինչու։ 
Երդմնակալությանն եկել էր նաեւ Հատուկ քննչական ծառայության պետը. լրագրողները նրան հիշեցրին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքում հայտնաբերած զենքի մասին. Սասուն Խաչատրյանը հերքեց ավելի վաղ արած հայտարարությունը։ 
«Եռաբլուր»–ում զինվորական կարգով հուղարկավորեցին ազատամարտիկ, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանին։ «Միայնակ գայլի» հուղարկավորությանը մասնակցող բազմամարդ թափորը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց պանթեոն հասավ ոտքով։ 47–ամյա ազատամարտիկին վերջին հրաժեշտը տվին ծափերով։ 
Կառավարությունից պատվիրակություն Խանդոյանի հուղարկավորությանը չմասնակցեց. միայն վարչապետի անունից ծաղկեպսակ ուղարկեցին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքն էլ փոխանցեց խորհրդական Վարդան Ավետիսյանը։ Ազատամարտիկներից ելույթ ունեցավ Կոմանդոսը, որը չկարողացավ զսպել հուզմունքը։  
Հայ–թուրքական սահմանը ապօրինի հատեց իրանցի տղամարդը։ Նրան հայտնաբերեցին ռուս սահմանապահներն ու հանձնեցին հայ իրավապահներին։ Սահմանախախտը պատճառաբանեց՝ սահմանը հատել է զինծառայությունից խուսափելու համար: Նրան ձերբակալել են, հարուցվել է քրեական գործ։ 
Ձերբակալվեց քրեական աշխարհում հայտնի «Նորատուսցի Արան»։ Ոստիկանության տվյալով՝ նա հոկտեմբերի 13–ի գիշերը Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում ատրճանակից կրակել է։ Դեպքից ժամեր անց 38–ամյա Արա Բանդուրյանն ինքնակամ ներկայացավ ոստիկանություն եւ ձերբակալվեց խուլիգանություն կատարելու կասկածով։  
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում: Հոկտեմբերի 13–ին Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նորամուտի խաղում հայկական թիմը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընդունեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 198-րդ տեղը զբաղեցնող Ջիբրալթարին։ Չնայած բազմաթիվ գոլային պահերին՝ մեր հավաքականը պարտվեց նվազագույն հաշվով։ Այսպիսով, Ջիբրալթարի հավաքականը պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում: 
Ցավալի պարտությունից հետո «Հանրապետական» մարզադաշտում բախվեցին հայկական երկու ֆան ակումբները։ Հավաքականի պարտությունից դժգոհ երկպագուներն ավելի բարկացան, երբ Red Eagles–ի ֆանատներից մեկը տրիբունայում բարձրացրեց Ջիբրալթարի դրոշը։ Լարված իրավիճակը հանդարտեցրեց ոստիկանությունը։ Ֆան շարժումն էլ հայտարարեց, որ պատժելու է սադրիչ երկրպագուին։
Խաղից հետո նորանշանակ գլխավոր մարզիչը նշեց՝ պարտության միակ մեղավորն ինքն է, ֆուտբոլիստները դժվարացան գնահատական տալ իրենց խաղին։ 
Վաղը Հայաստանի հավաքականը կհյուրընկալի խմբի առաջատար Մակեդոնիայի հավաքականին, որին պարտվել էր 0։2 հաշվով։ 
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել ավելի քան 4 դրամով։ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 485, եվրոյինը՝ 562, բրիտանական ֆունտինը՝ 638 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը բարձրացել է՝ կազմելով է 7.40 դրամ։
Հանրապետության մի շարք մարզերում հոկտեմբերի 15-ին սպասվում է անձրեւ։ Մայրաքաղաքում վաղը կլինի առանց տեղումների եղանակ. գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն։