Ես նոր Հայաստանի կողմնակից եմ եւ ամեն ինչ անելու եմ, որ այդ նոր Հայաստանում լավ լինի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով այսօր կառավարության կողմից կնշանակվի Սյունիքի մարզպետ:

Դիտարկմանը, որ շատերն իրեն համարում են հին ռեժիմի ներկայացուցիչ, նա արձագանքեց. «Դե դրանք երեւի ստրկամիտ մարդիկ են, կարող են այդպես մտածել: Ես ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին եմ ծառայել»:

Հարցին, թե ՏԻՄ մարմիններում աշխատանքի փորձ չունելալով կկարողանա՞ աշխատել, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Կփորձեմ: Առաջնահերթ խնդիրներ կան, պլաններ, բոլորն իրագործելու ենք: Առաջինը փոխվստահության մթնոլորտ ստեղծելն է, որ ժողովուրդը հասկանա, որ ինքն է իրավիճակի տերը իրոք»:

Ինչ վերաբերում է փաստին, որ իշխանափոխությունից հետո ինքը հրաժարական տվեց փոխոստիկանապետի պաշտոնից եւ դա ընկալվեց, որ հեռանում է հին թիմի հետ, Հունան Պողոսյանն ասաց. «Ոչ, սխալ եք ընկալել այն պարզ պատճառով, որ ես այդ պաշտոնում 8 տարի պաշտոնավարել եմ: Ինձ կարճ դադար էր պետք: Կարճ դադարը եղավ, դրանից հետո մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը»:

Նա խոստովանեց, որ սպասում էր նման առաջարկի. «Կոնկրետ մարզի մասով չեմ կարող ասել, բնականաբար, ինչ-որ բան սպասում էի»:

Հարցին, թե նոր իշխանության հետ աշխատանքը ինչպես է պատկերացնում, նա արձագանքեց. «Շատ նորմալ, շատ հասարակ. ես նոր Հայաստանի կողմնակից եմ եւ ամեն ինչ անելու եմ, որ այդ նոր Հայաստանում լավ լինի: Եթեփ դուք իմ հրաժարականի տեքստին ամբողջապես ծանոթանաք, այնտեղ բոլոր այդ մտքերն արծարծվել են»:

Հիշեցնենք, որ 2015թ.–ի հունիսի 23–ի լուսադեմին Երեւանի Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիան ցրելիս ոստիկանության աշխատակիցները բռնություն էին կիրառել եւ բերման ենթարկել ԶԼՄ ներկայացուցիչների։ NEWS.am–ի թղթակցի ձեռքից Ազատության պողոտայում ուժով քաշել եւ տարել էին տեսախցիկը։ Դա տեղի էր ունեցել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի աչքի առջեւ, սակայն, վերջինս որեւէ կերպ չէր միջամտել։ Դեպքից շուրջ 3.5 տարի է անցել, սակայն, իրավապահներն առ այսօր քննություն են անցկացնում՝ պարզելու մեղավորին կամ մեղավորներին։

«Խնդրում եմ ենթատեքստեր չփնտրել». Հունան Պողոսյանը հրաժարական է տվել