Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը պետք է նայել միջազգային աշխարհաքաղաքականության պրիզմայով։ Այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը։

Նրա խոսքով՝ այս հայտարարության մեջ ոչ մի նոր կամ գերբնական բան չկար եւ դրան շատ լուրջ վերաբերել պետք չէ։ Իսագուլյանը շեշտեց՝ հայ ժողովուրդը պատրաստ չէ որեւէ զիջման, քանի որ խոսքը Ղարաբաղի տարածքի մասին է, որը նրա անբաժան մասն է։

Բացի այդ, Ղարաբաղի տարածքներն առ այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից. «Այս տարածքները երբեք չեն եղել անկախ Ադրբեջանի մաս»,–շեշտեց նա՝ հավելելով, որ եթե խոսքը փոխադարձ զիջումների մասին է, ապա հայկական կողմը արդեն իսկ գնացել է բավականին լուրջ զիջումների՝ կատարելով Բաքվի խնդրանքը դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում։

Բացի այդ, Իսագուլյանի կարծիքով՝ մեկ այլ զիջում էր նաեւ այն, որ բանակցությունների սեղանին Ղարաբաղի փոխարեն նստեց Հայաստանը. «Դրան Ադրբեջանը պատասխանեց շնորհակալությամբ՝  2016-ի ապրիլյան սրացման տեսքով»։

«Ուշացումով, բայց պարոն Միլսը հասկացել է, որ հայ ժողովուրդը չի գնա որեւէ տարածքային զիջման»,- հավելեց Գառնիկ Իսագուլյանը: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ EVN Report ամսագրի հետ հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր. «Դաժան իրականությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ, չնայած այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, հայ ժողովրդի համար դա առավել դժվար են դարձնում»:

Ռիչարդ Միլս. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ