Ես վստահ չեմ, որ որեւէ պատգամավոր բոլոր դետալներով անգիր տիրապետում է օրենսդրությանը, բայց օրենսդրությունը անգիր իմանալը մեկ բան է, իսկ օրենսդրության տառին հետեւելը եւ յուրաքանչյուր քայլը օրենքով պայմանավորելը՝ մեկ այլ։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Այո՛, պիտի բոլորս, յուրաքանչյուրս առաջնորդվենք օրենքի տառին հետեւելով, առաջնորդվենք օրենսդրությամբ, «ԱԺ կանոնակարգ» օրենքով։ Եվ յուրաքանչյուր պատգամավոր առաջին հերթին առաջնորդվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքով»,–նշեց նա։

Մակունցի խոսքով՝ ԱԺ պատգամավորների ցանկում միայն իրավաբաններ չեն, նաեւ պատգամավոր ընտրվելու պարագայում դա չի պայմանը, որ քաղաքացիներին պատվիրակում են. «Օրենքը ոչ միայն իմանալն է պարտադիր, այլ օրենքին հետեւելն է պարտադիր»։

Լրագրողը հետաքրքրվեց՝  վստահ է, որ «Իմ քայլի» պատգամավորները տիրապետում են ՀՀ ամբողջ օրենսդրությանը, որին Մակունցը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ բոլորը եւ դուք վերահսկելու եք դա»։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ քաղաքացիների ընդունելության ռեժիմ իրենք ունենալու են, խմբակցության պատգամավորներն էլ պարտավորվելու են հաշվետվություն ներկայացնել ընդունելության մասին,  նա սակայն չնշեց, թե որ աղբյուրից կարող են քաղաքացիները տեղեկանալ ընդունելության մասին։

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր հայտնվել է անհարմար վիճակի մեջ. նա «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է հունվարի 14-ին՝ չիմանալով, որ Փաշինյանին ոչ թե առաջադրել են այսօր կամ «առաջադրելու են», այլ նրա թեկնածությունը ներկայացրել են նախագահին եւ նախագահն էլ հրամանագիրը ստորագրել է: 88 հոգանոց խմբակցության ղեկավարը, ըստ էության ծանոթ չէ Սահմանադրական կարգավորումներից: