ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 21 զրահապատ մարտական մեքենաների կրճատմանը։

«ՀՀ ԶՈՒ-երի ոչնչացված զրահատեխնիկայի մասին.

Դրանք վաղուց, մոտ մեկ տասնյակ տարի շահագործումից հանված տեխնիկաներ են, դրանց վրայից անհրաժեշտ, կիրառելի ամեն ինչ հանված է եւ եթե կարող է օգտագործվել ապա օգտագործվում է:

Այդ ոչնչացումը մեզ համար միջոցների խնայման եւ օպտիմալ օգտագործման համար շատ կարեւոր է:

Ոչնչացումը թույլ կտա ստանալ այլ ռեսուրսներ:

Դա ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում է եւ գործընթացը իրականացվում է շատ վաղուց»,–գրել է նա:

Հիշեցնենք, որ Գերմանիայի դեսպանությունը Գերմանիայի դաշնային կառավարության անունից երեկ շնորհավորել էր Հայաստանին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների արդյունավետ կրճատման առիթով:

Հաղորդագրությունում նաեւ ասված էր. «Այս ջանքերի շնորհիվ Հայաստանն այլեւս կպահպանի զրահապատ մարտական մեքենաների՝ Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրով Treaty on Conventional Forces in Europe (CFE Treaty) ամրագրված սահմանաքանակը: Այս պայմանագիրը Եվրոպայում եւ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւորագույն հիմնասյուներից է: Կրճատումը հնարավոր է դարձել ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության հիմնադրամի ծրագրով եւ Գերմանիայի՝ որպես գլխավոր իրականացնող երկրի մասնակցությամբ: Գերմանիան այս ծրագրին տրամադրել է ավելի քան 1մլն եվրո եւ պատրաստ է պայմանագրի անդամ այլ երկրների նույնպես աջակցել Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրի դրույթների լիարժեք իրականացման հարցում»:

Գերմանիան շնորհավորում է Հայաստանին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների արդյունավետ կրճատման առիթով. դեսպանություն