Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի վարույթ ընդունելը մերժելու որոշմանը հնարավոր է հաջորդի ՍԴ–ին ուղղված ճնշումների նոր ալիք։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց իրավաբան Գոհար Մելոյանը։

«7–րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումից հետո իշխող ուժի համար նպատակակետ է դարձել Սահմանադրական դատարանի ոչ կառավարելի անդամներին մեկուսացնելը և կառավարելի ՍԴ ունենալը։ Քայլերի տրամաբանությունը հուշում է, որ նոր ճնշումներ կլինեն»,–ասաց նա։

Մելոյանը նշեց, որ իր համար ՍԴ որոշումը սպասելի էր.

«Բարձր դատարանի ամենատրամաբանական քայլը տվյալ դիմումի վարույթ ընդունելը մերժելն էր, քանի որ հենց վերնագրից սկսած առկա էին հակասահմանադրական և ոչ իրավաչափ  եզրույթներ։ Ողջունելի է, որ ՍԴ դատավորները որևէ ճնշման չտրվեցին և մասնագիտական որոշում կայացրին»,–նկատեց իրավաբանը։

Գոհոր Մելոյանը հույս հայտնեց այս որոշումը ազդակ կդառնա, որ իշխանությունները դադարեցնեն դատական իշխանության նկատմամբ հետապնդումներն ու ճնշումները և գործեին օրենքի  շրջանակներում.

«Ես լիահույս եմ, որ այս որոշումից հետո պետական բարձրաստիճան պաշտոնյաները կմնան իրենց գործառույթների շրջանակում և կհետևեն  իրավական պետության չափանիշներին»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է:  Հրայր Թովմասյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությունը քաղաքական նպատակներ էր հետապնդում: Հավելենք, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ. փետրվարին։