Կորոնավիրուսից Հայաստանում մահացել է եւս 4 մարդ: Հաստատվել է COVID-19-ով վարակման 322 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 5928 է, մահացածներինը՝ 74:  Մեկ օրում առողջացել է 293 մարդ, ընդհանուր առողջացածների թիվը  2874 է, փաստացի բուժվողներինը՝ 2952:

Մահացածները  տղամարդ են,  52, 61, 81 եւ  82  տարեկան, բոլորն էլ ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 28 է։

Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար մոբիլիզիացված հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում այս պահին 202 մահճակալ կա, որոնցից 152-ն արդեն զբաղված են։ Տվյալները Հանրային խորհրդի օնլայն նիստին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Թորոսյանը չի բացառում, որ գա մի պահ, երբ նույնիսկ մոբիլիզացված ռեսուրսները չհերիքեն։ Այդ դեպքում ստիպված կլինեն առողջապահական ամբողջ համակարգը ներգրավել կորոնավիրուսով պացիենտների բուժման պրոցեսին, ինչը, նախարարի խոսքով, խիստ անցանկալի է, քանի որ մի շարք խնդիրներ առաջ կբերի՝ ներհիվանդանոցային վարակների տարածումից մինչեւ բուժանձնակազմի շրջանում վարակման դեպքերի աճը:

Արսեն Թորոսյանն ասել է նաեւ, որ հնարավոր է՝ պացիենտների խորը սորտավորման դիմեն: Խորը սորտավորման կարիքը կլինի վարակվածների թվի աճի ժամանակ, ընդգծել է նախարարը:

91-ամյա երեւանցի Սրբուհի տատիկը հաղթահարել է կորոնավիրուսը եւ առողջացել դրա հետեւանքով առաջացած երկկողմանի թոքաբորբից։ Նա 20 օրվա բուժումից հետո դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնից եւ գնացել տուն՝ իր տարեդարձն ընտանիքի հետ նշելու։ Մաքուր սիրտ է պետք ունենալ, երիտասարդներին խորհուրդ է տվել տատիկը, ինչքան որ կարողանաք՝ սիրտը մաքուր պահեք ու առողջ կլինեք։

Ստեփանակերտում կայացել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի  եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել անվտանգության, տնտեսության եւ այլ հարցերի շուրջ:

Սոցիալական հարթակներում բուռն քննարկման առիթ էին դարձել նախօրեին Շուշիում Արցախի նախագահի պաշտոնակալումից հետո կայացած պաշտոնական ընթրիքի լուսանկարները, մասնավորապես փաստը, որ բարձրագույն պաշտոնյաներն առանց դիմակի են եւ խախտում են սոցիալական հեռավորությունը: «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» դիմել է Արցախի ոստիկանություն՝ խնդրելով տուգանել պարետի որոշումը խախտած Փաշինյանին ու նրա տիկնոջը, Արարատ Միրզոյանին ու նրա տիկնոջը, Արայիկ Հարությունյանին եւ մյուս պաշտոնյաներին: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում պարզաբանել է, որ Արցախում այլ իրավական ռեժիմ է գործում:

Արթուր Վանեցյանը կողմնակից է իշխանափոխությանը միայն սահմանադրական կարգով, սահմանադրական կարգի ցանկացած խախտում, որը չի բխում մեր օրենքներից, նրա համար անթույլատրելի է։ «Հրապարակ» թերթին ԱԱԾ նախկին տնօրենն ասել է. որ Սահմանադրական կարգով ամենատրամաբանական փոփոխությունը հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, և 3-րդ տարբերակը, երբ  գործող Ազգային ժողովում քաղաքական ուժերը նախաձեռնում են վարչապետի ու կառավարության փոփոխություն։

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» նախաձեռնության  facebook-ի էջը տեղեկացրել է, որ կարմիր բերետավորները առևանգել են «ԿԱՄՔ»-ի առաջնորդ Վահագն Չախալյանին և նախնական տվյալներով տասնմեկ կամքականների։ Կազմակերպությունը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը մինչև 7-րդ գումարման Ազգային ժողովի ցրումը և ազգային ժողովի նոր ընտրությունների կազմակերպումը:

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ոստիկանության հետ միասին բացահայտել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հանցավոր սխեմաներ: Բերման են ենթարկվել այսպես կոչված «օրենքով գող», «Արսեն երեւանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը եւ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը, ու եւս 8 անձինք:  Նրանց տներում եւ մեքենաներում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է  0.31 դրամով ու հասել 481.99 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.13 դրամով ու կազմել  524.94 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.28 դրամով ու կազմել 586.77 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով ու կազմել է 6.71 դրամ։

Մայիսի 23-ին Երեւանում եւ հատկապես երկրի հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։ Մայրաքաղաքում մայիսի  23-իր գիշերը կլինի  +15-ից +17, ցերեկը՝ 26-ից 28 աստիճան զրոյից բարձր: