Օգոստոսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագծով տղամարդու՝ ձեռքին պոլիէթիլենային տոպրակ: Մոտեցել են տղամարդուն ու պարզել, որ տոպրակում կնոջ գլուխ է: Համայնքային ոստիկանները նրան բերման են ենթարկել բաժին։ Ոստիկանությունում պարզվել է, որ 58-ամյա տղամարդը Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում գլխատել է 68-ամյա քրոջը։ Եղելությունը պարզելուց հետո դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տան ննջասենյակում իրավապահները հայտնաբերեցին սպանված կնոջ դիակը։ Տանը հայտնաբերվեց նաեւ արնանման հետքերով դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Այն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության։

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվեց հետեւյալը. նախնական տվյալներով՝ քրոջ ու եղբոր միջեւ տան հետ կապված կենցաղային վեճ էր սկսվել, որի ընթացքում էլ տղամարդը նախ պարանով էր խեղդել կնոջը, ապա գլուխը կտրել։ 58-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։