Ես ոստիկանին ոչ միայն չեմ վիրավորել, այլեւ համարում եմ, որ այդ մարդը ոստիկան չի եղել, որովհետեւ ոստիկանը չի կարող իրեն պահել նման լկտի ձեւով եւ չի կարող կատարել քաղաքական պատվեր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժնից դուրս գալով լրագրողներին ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Ոստիկանի կանցնեցնելուց հետո իմ հոգու խոսքն եմ ասել պարետ Տիգրան Ավինյանի մասին, որը, վստահաբար, ոչ միայն Տիգրան Ավինյանի, այլեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իր ընտանիքի անդամների հասցեին ասում է ՀՀ քաղաքացիների 80 տոկոսը»,- ասաց Սամսոնյանը։

Նա նշեց, որ այդ ոստիկանն ուներ ակնհայտ քաղաքական հայացքներ. «Ինձ բաժին են բերել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես ոստիկանին չեմ վիրավորել եւ չեմ էլ պատրաստվում։ Իսկ չոստիկանների մասին ես ունեմ կարծիք եւ այդ կարծիքը միշտ արտահայտելու եմ։ Եթե մարդը ոստիկան չի, իրեն չի պահել ոստիկանի նման, այլ պահել է իրեն վերջին խուժանի նման, իսկ կադրերում երեւում է, որ  ոստիկանն իրեն պահում է վերջին խուժանի նման, այդ ժամանակ ակնհայտ է, որ նրան կարելի է վերաբերվել այնպես, ինչպես չի կարելի վերաբերվել մյուս ոստիկաններին»։

Նշենք, որ այսօր Նարեկ Սամսոնյանի ու ոստիկանի միջեւ վիճաբանություն է սկսվել. ոստիկանները փակել էին Սամսոնյանի ճանապարհը։ Այնուհետեւ Սամսոնյանին կարմիր բերետավորները բերման էին ենթարկել Ոստիկանության բաժին։