Մարտի 1–ի գործով ՍԴ որոշումից հետո այսօր այս գործով առաջին դատական նիստն էր, որին, սակայն, մեղադրող դատախազները չէին ներկայացել։ Նշենք, որ շուրջ երկու տարի ընթացող այս դատավարության ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ դատախազները նիստին ներկա չէին։ Ամբաստանյալների պաշտպանները, որոնք հույս ունեին, որ այսօր դատարանը կքննի ՍԴ որոշման հիման վրա ՔՕ 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, հայտարարեցին, որ դատախազների բացակայությունը պատահական չէ և նպատակ ուներ տապալել այս հարցի քննությունը։ Արդյունքում այդպես էլ եղավ, գործով դատավոր Աննա Դանիբեկյանը, պատճառաբանելով դատախազների ներկա չլինելը, հետաձգեց նիստը մինչեւ ապրիլի 2-ը: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանից դատավորը հաղորդագրություն էր ստացել, թե պատրաստվում է ծավալուն միջնորդություն եւ խնդրում է նիստը հետաձգել: Նիստին լարվածության առաջին դրվագը ծագեց, երբ տուժողի ներկայացուցիչը դահլիճը լքելիս ռեպլիկ նետեց փաստաբանների կողմը, որտեղից հնչեցին պատասխաններ։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատարանից պահանջել են դադարեցնել անօրինական քրեական հետապնդումը: Հայկ Ալումյանն ասել է, որ մարտի 27-ին ինքն ու մյուս փաստաբանները միջնորդություն են ուղարկել քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու եւ խափանման միջոցը փոխելու մասին, ինչպես նաեւ քննչական մարմիններին պարտավորեցնելու գրավոր ներողություն խնդրել:

Ելույթ ունեցող բոլոր փաստաբանները վրդովված էին, Աննա Դանիբեկյանը նույնպես չէր նպաստում լարվածությա թուլացմանը, բանը հասավ նրան, որ դատավորը հրահանգեց կարադրիչին  Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի ձեռքից վերցնել խոսափողը։

53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ կապված նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է դատախազին ուղղված հաղորդումը, շարադրել հիմնավորումներ։

Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 78 զինծառայողների անունները: Արցախի Բանակի պաշտոնական տվյալով՝  հայկական կողմից զոհվածների թիվը հասել է 2702-ի:

Սահմանազատումից հետո կիսով չափ Ադրբեջանին անցած Շուռնուխ գյուղում առաջին միջադեպն է գրանցվել։ Ադրբեջանցի սահմանապահների պահակակետից 200 մետր հեռավարության վրա գտնվող՝ շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմի մոտից օրեր առաջ անհետացել են նրա 13 կովերը։ Մեկ օր անց ադրբեջանական կողմը խաղաղապահների միջոցով փոխանցել է, որ անասուններն իրենց մոտ են։ Պայմանավորվածության համաձայն՝ անասուններին բերելու համար երեկոյան Հակոբյանների ընտանիքից մեկը ռուս խաղաղապահների հետ գնացել է ադրբեջանական դիրք՝  անասուններին բերելու։ Տեղ հասնելուն պես ադրբեջանցիները, սակայն, հրաժարվել են պայմանավորվածությունից, ասել են, թե անասուն չեն տեսել։

Ազգային անվտանգության ծառայությունը Սյունիքի մարզում ոստիկանության աշխատակիցների կողմից խոշոր չափերի հափշտակության դեպքեր են բացահայտել:

Ըստ հաղորդագրության, Սիսիանի մի խումբի ոստիկաններ բնակիցներից մեկի անասնագոմերից հափշտակություններին պատշաճ ընթացք չեն տվել, շահադիտական նպատակով արտադատական կարգով են լուծել կողմերի վեճերը, տուժողից 1 միլիոն դրամ ստացել, ստացել կամ վերցրել 5 միլիոն դրամից ավելի գումարի իրեր։ Ոստիկանները, այդ թվում՝ Սիսիանի ոստիկանապետի տեղակալը կալանավորված են։

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 750 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 191491-ի: Անցած մեկ օրում մահացել է COVID-ով վարակված 29 մարդ, որոնցից 8-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 4387-ի։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.62 դրամով՝ հասել 530.70 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.18 դրամով ու կազմել  622.94 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.65 դրամով  ու կազմել 730.40 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 6.99 դրամ:

Մարտի 31-ի ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են կարճատև տեղումներ:

Եղանակը մինչև ապրիլի 2-ը կտաքանա 6-8 աստիճանով: Երևանում տեղումներ չեն սպասվում:  Գիշերը մայրաքաղաքում կլինի +1-ից +3, վաղը ցերեկը՝ +13-ից +15։