Վերջերս Ռուսաստանը հրապարակվեց ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների վերաբերյալ հերթական տեղեկությունը, որում նշվում են տվյալներ Հայաստանի մասով։

Հրապարակման մեջ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները տարբերվում են ըստ ռեզիդենտի եւ ոչ ռեզիդենտի: Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստան գումար փոխանցած ռեզիդենտների մասնաբաժինը 59%-ից հասել է 74%-ի:  Այսպես, ռեզիդենտների մասով փոխանցումների գումարը նվազել է 1,1 անգամ, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ 2,3 անգամ (տես առաջին գրաֆիկը): Փոխանցումների նման անհավասար անկումը հանգեցրել է ոչ ռեզիդենտների մասնաբաժնի կրճատման։

Ռուսաստանից Հայաստան մեկ դրամական փոխանցման միջին չափը առաջին եռամսյակում կազմել է  252 դոլար, իսկ երկրորդ եռամսյակում՝ աճել է մինչեւ 295 դոլար: Նկատենք, որ նման մանրամասներ չեն ներկայացվում ՀՀ Կենտրոնական բանկի նմանատիպ հրապարակումներում: Այսպիսով, ռուսական տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ստանալ մեկ հարցի պատասխան. ամսական քանի՞ փոխանցում է կատարվում։ Մեր հաշվարկներով՝ առաջին եռամսյակում միջինում ամսական կատարվել է գրեթե 200 000 փոխանցում, իսկ երկրորդ եռամսյակում՝ արդեն 250 000։  

Սովորաբար աշխատանքային միգրանտները գումար են փոխանցում ամիսը մեկ անգամ: Հետեւաբար, վերը նշված թվերը մոտավոր պատկերացում են տալիս Հայաստան գումար փոխանցած մարդկանց թվի մասին: Հավելենք, որ երկրորդ եռամսյակում փոխանցումների թվի նկատելի աճը կարելի է բացատրել ոլորտների (մասնավորապես՝ շինարարության) սեզոնայնությամբ։  

ՌԴ-ից ԱՊՀ երկրներ դրամական փոխանցումների ընդհանուր գումարի չափով Հայաստանը զբաղեցնում է 5-րդ տեղը, առաջին տեղում է Ուզբեկստանը։ Նման բարձր ցուցանիշն ապահովում է նրա մասշտաբային աշխատանքային միգրացիան ՌԴ-ում։

Համեմատենք օտարերկրացիների գրանցման փաստերի թիվը` ՌԴ-ում աշխատանքի նպատակով։ Այսպես, այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում այս ցուցանիշը կազմել է 0.2 միլիոն դեպք, իսկ Ուզբեկստանում`գրեթե 1.7 միլիոն դեպք: Այս տարբերությունը, ի թիվս այլ գործոնների, բացատրվում է Ուզբեկստանի իշխանությունների կողմից աշխատանքային միգրացիայի դյուրացման քաղաքականությամբ: Հայաստանում, ըստ ամենայնի, նման բան տեղի չի ունենում։  

Հավելենք, որ արդյունքներն արդեն ազդել են: Ռուսաստանից դրամական միջոցների ներհոսքի հարաբերակցությունը կտրուկ փոխվել է՝ հօգուտ Ուզբեկստանի: Ահա 2011-ի եւ 2021-ի առաջին կիսամյակի տվյալները. Եթե ​​տասը տարի առաջ Ուզբեկստանը Ռուսաստանից կատարվող փոխանցումների բացարձակ ծավալով «ընդամենը» 3 անգամ գերազանցում էր Հայաստանին, ապա այժմ այն ​​արդեն 6 անգամ։

Հիշեցնենք, որ 2013 թվականին Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցվող դրամական փոխանցումների ներհոսքը գերազանցել է 1,7 մլրդ դոլարը: Համեմատության համար նշենք, որ նույն տարում արտահանման ծավալը 1,5 մլրդ դոլարից պակաս էր:

Այսօր տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են ինքնուրույն զբաղվել Ռուսաստանում մուտքի եւ աշխատանքի հարցերով: Շատերը դժվարանում են լուծել այս խնդիրները՝ թողնելով իրենց ընտանիքներին առանց լրացուցիչ եկամտի աղբյուրի։ 

Մինչդեռ, Հայաստանը, ԵԱՏՄ շրջանակներում, Ռուսաստանի հետ ունի մեկ տնտեսական դաշտ: Այս հանգամանքը լայն հնարավորություններ է ընձեռում մեր երկրին`կազմակերպելու քաղաքացիների սեզոնային միգրացիան Ռուսաստանում: Պետք չէ հեռու գնալ օրինակ բերելուհամար, բավարար է հիշել Ուզբեկստանի փորձը, որը, ի դեպ, ԵԱՏՄ անդամ չէ։ 

Սմբատ Գրիգորյան