Պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչները մեկ շաբաթ անց կրկին ՍԱՏՄ շենքի առաջ բողոքում են որոշակի ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ներկրման արգելքի դեմ։ Նրանք հանդիպում են պահանջում ՍԱՏՄ այն պաշտոնյայի հետ, որն իրենց հարցերին իրավասու կլինի պատասխանել։

Պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչները մարտի 13–ին էլ էին  բողոքի ակցիա արել շենքի դիմաց, դիմում ներկայացրել ՍԱՏՄ, որի պատասխանը դուր չէ եկել նրանց։

«Խնդրին բացասական պատասխան է տրվել, ավելին՝ որեւէ կոմպրոմիսային տարբերակ չի առաջարկվել ՍԱՏՄ–ի կողմից, պատասխանը անհեթեթ է։ ՍԱՏՄ–ն փորձում է ապացուցել, որ իրավաբանական անձը կարող է գործունեություն իրականացնել միայն մեկ երկրում, մինչդեռ փաստական հանգամանքները լրիվ այլ են։ Ընկերությունները շատ ժամանակ մի երկրում գրանցված են, շատ երկրներում արտադրություն են կազմակերպում։  Հետեւաբար այդ պատասխանն իրականությանը չի համապատասխանում։ ՍԱՏՄ–ին մի շարք առաջարկություններ են եղել, որեւէ  մեկի շուրջ դրական լուծում չի եղել»,–լրագրողների հետ զրույցում ասաց պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող կազմակերպությունների իրավաբան Միքայել Ավետիսյանը։

Նա տեղեկացրեց, որ մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 28–ը արգելք չի եղել թունաքիմիկատներ ներկրելու համար։ «Որեւէ նորմատիվ իրավական ակտի չի փոփոխվել, բայց դրանից հետո սկսվել են սահմանափակումները։ Դրա  բացատրությունը հիմա կարող է հետեւյալը լինել, որ մինչեւ նոյեմբերի 28–ն է անօրինական ներկրվել, կամ դրանից հետո, ընդ որում՝ պետական մարմնի թույլտվությամբ։ Իրենք հիմա պետք է ասեն՝ գործե՞լ են անօրինական, թե՝ ոչ»։

Ավետիսյանն ասաց՝ եթե պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներին որեւէ մեկը չընդունի ՍԱՏՄ–ում, եւ հարցը չլուծվի, իրենք ստիպված գնալու են Կառավարություն։

ՍԱՏՄ–ի ընդունարանում նրանց տեղեկացրին, որ ՍԱՏՄ–ի ղեկավար Արմեն Հայրապետյանը խորհրդակցության է, նա աշխատավայրում չէ, իսկ տեղեկալներ էլ չունի։

Պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչները շարունակում են մնալ ՍԱՏՄ շենքի դիմաց։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ ՍԱՏՄ–ից պարզաբանել էին, որ ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ներկրումը Հայաստան չի թույլտրվում, քանի որ վերոնշյալ պեստիցիդները չեն համապատասխանում Հայաստանում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների անվանացանկի (հրապարակված է Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am) տվյալներին: