Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ամերիկացիները հոգնել են քաղաքական կոռեկտությունից՝ հարգեք սեւամորթներին, հարգեք կանանց, հարգեք մահմեդականներին: Եկավ մի գործիչ, որն ասում է՝ մի՛ հարգեք, ինչ ուզում եք՝ ասեք նրանց հասցեին, կորչի՛ երեսպաշտությունը: Անշուշտ, դրա մեջ կա ճշմարտության հատիկ, որովհետեւ այդ սահմանափակումները դնողներն իրականում այնքան էլ առաքինի մարդիկ չեն, խոսում են հանդուրժողականությունից, բայց պատրաստ են ոչնչացնել ոչ միայն այլադավաններին, այլեւ իրենց դոգմաներից դուրս մտածողներին: Եվ ի վերջո՝ բարոյական բարձր նորմերից խոսողները պետք է առաջին հերթին ունենան մաքուր ձեռքեր, իսկ ամերիկյան քաղաքական վերնախավն այնքան է կոռումպացված, որ այդ գործիչների դեմ մեր կոռուպցիոներները պարզապես մանկապարտեզի երեխաներ են:

Բայց ես, այնուամենայնիվ, կողմ եմ քաղաքական կոռեկտությանը, եւ ինչո՞ւ միայն քաղաքական, ընդհանրապես կոռեկտությանը: Կողմ եմ մշակույթների, գաղափարների բազմազանությանը, կողմ եմ հարգալից վերաբերմունքին բոլոր այն անձանց հանդեպ, որոնք ինձնից ինչ-որ բանով տարբերվում են: Կասեք՝ հնացած մոտեցում է, հիմա, երբ ողջ աշխարհում սրվել են բոլոր տեսակի հակասությունները: Կամ, ինչպես որ հայերն են սիրում ասել, «հիմա, երբ ազգիս վիճակն օրհասական է»:

Բայց նույն բաները՝ հակասությունների սրման կամ «օրհասական պահի» մասին ասվում են 25-30 դար շարունակ, եւ դրանք ասվում են ոչ միայն հայերի, այլեւ բոլոր ազգերի կողմից: (Հիմա Թրամփի կողմնակիցներն ասում են՝ «մեզ 30 տարի թալանել են»: Ուրեմն՝ Ամերիկայում նո՞ւյնպես «ալան-թալան» կա): Գուցե այդպես ասողնե՞րն են հակասությունները սրում կամ «պահը օրհասականացնում»: Ուրիշ հարց, որ պետք է կոռեկտ լինել անկեղծորեն, «ի սրտե», ոչ թե ինչ-որ արտաքին, պարտադրված դոգմաների ճնշման տակ:

«Կոռեկտ» նշանակում է նաեւ ճիշտ, իրավիճակին համապատասխան: Եթե ես ժամանակը չափում եմ կիլոգրամներով, իսկ քաշը՝ կիլոմետրերով, դա կոռեկտ չի: Մեր վեճերն էլ կոռեկտ չեն: Այս պահին Ֆեյսբուքում ամեն երկրորդ «ստատուսը» 1000 դրամ հավաքելու մասին է: Գաղափարն իսկապես լուրջ լրամշակման կարիք ունի: Բայց այդ «ստատուսների» 90 տոկոսի դեպքում հակափաստարկը հնչում է մոտավորապես այսպես՝ «գնացեք, այդ փողը հարուստներից խլեք»: Որպես պոպուլիզմ՝ հրաշալի է հնչում, որպես ճանապարհ փակուղային է. մենք դա արդեն անցել ենք:

Որ պետք է գումարներ հանգանակվեն հանուն մեր բանակի՝ դրան ես երկու ձեռքով կողմ եմ: Պարզապես այդ գաղափարն իրագործելու համար պետք է գտնել օրինական եւ տրամաբանական մեխանիզմներ: Իսկ ամենակարեւոր բաղադրիչն այս հարցում վստահությունն է: Դրա դեֆիցիտը շատ է զգացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ