Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ես չեմ հասկանում, երբ մարդիկ օգտագործում են ցանկացած առիթ՝ իրենց «չսիրած» քաղաքական գործչի մասին ինչ-որ վատ բան ասելու համար: Օրինակ՝ կիրակի օրը տեղի ունեցած ինքնաթիռի վթարը լավագույն պատրվակը չէր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խարազանելու համար: Տեղի է ունեցել ողբերգություն՝ նման բան կարող էր պատահել ամերիկյան, ֆրանսիական կամ ճապոնական ինքնաթիռի հետ: Չարախնդալը, քաղաքական եւ բարոյական հեռու գնացող հետեւություններ անելը, ինձ թվում է, սխալ է: Պետք է կարեկցել՝ կիսել մարդկանց ցավը՝ եւ վերջ:

Որքան շատ եմ մտածում, այնքան համոզվում եմ՝ եթե նպատակը, քարոզչական կամ անձնական խնդիրներից ելնելով, «քլնգելն է», ապա բացի քո եւ քո համախոհների «սիրտը հովացնելուց»՝ այդ «քլնգոցը» որեւէ արդյունք չի տալիս: Ավելի արդյունավետ է փորձել հասկանալ այն սկզբունքային սխալները, որոնք գործում են այս կամ այն պետության պատասխանատուները: Ամեն ինչ գալիս է այդ սխալից, մնացածը՝ հանցագործությունները, կամայականությունները, աղետները, ածանցյալ են:

Ինձ թվում է՝ Պուտինի եւ Էրդողանի սխալը երկվության մեջ է: Նրանք ուզում են ունենալ ժամանակակից պետություններ. խելացի մարդ լինելով՝ այդ ղեկավարները հասկանում են, որ 21-րդ դարում այլ կերպ հնարավոր չէ՝ «կսկես»: Բայց, մյուս կողմից, այդ միանգամայն բնականոն ցանկությունն ուղեկցվում է կայսերական «ֆանտոմային ցավերով» եւ կարծր ավտորիտար ռեժիմ հաստատելու վճռականությամբ: Այդ հակասությունն է պատճառը, որ, ի հեճուկս տասնյակ հազարավոր ձերբակալվածների, Թուրքիայում իրավիճակը, միեւնույն է, անկայուն է: Ռուսաստանում նույնպես, կարծում եմ, ցնցումներ կլինեն (ինչը մեզ ամենեւին ձեռնտու չէ), եթե այդ երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կուրսը հետեւողական չդառնա:

Էրդողանը մի կողմից՝ հայտ է ներկայացնում Եվրամիությանն անդամակցելու, մյուս կողմից՝ ասում է, որ Օսմանյան կայսրության բոլոր նախկին տարածքները (Սիրիան, Հունաստանը, Բուլղարիան) իրենն են: Մի կողմից՝ ասում է, որ պայքար է մղում Ասադի ռեժիմի դեմ եւ բացահայտորեն աջակցում այդ զինված պայքարը մղող խմբավորումներին, բայց երբ այդ պայքարի գաղափարները կրող երիտասարդը սպանում է Ռուսաստանի դեսպանին, հայտարարում է, որ երիտասարդը գյուլենական էր եւ ցանկանում էր իրեն կռվացնել Ռուսաստանի հետ: Իրականում երիտասարդը «էրդողանական էր», ոչ թե գյուլենական:

Պուտինը մի կողմից՝ իր երկրի ամենահարուստ մարդկանցից է, նրա շրջապատը, թիմակիցները աշխարհով մեկ ունեն զբոսանավեր, պալատներ, շրջագայում են բացառապես «բիզնես-կլասով», կապում են ֆանտաստիկ գների ժամացույցներ, նրանց երեխաների մեծ մասն ապրում է Արեւմուտքում, բայց մյուս կողմից՝ որպես իդեալ մատուցվում է ստալինյան ասկետիզմը, մեկ գողացած մեխի համար գնդակահարելը, հանուն հայրենիքի զրկանքների գնալը, իսկ ռուսական «հոգեւոր արժեքները» հակադրվում են «փչացած Արեւմուտքին»: Չքավոր ժողովուրդն առայժմ գուցե հավատում է այդ հեքիաթներին, ուրախանում, որ «Ղրիմն իրենցն է», բայց դա, ինձ թվում է, երկար չի տեւի:

Նշված լիդերների մոտ նման երկվության, անհետեւողականության դրսեւորումները բազմաթիվ են: Վերջը պետք է կողմնորոշվեն՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ