Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հայաստանում լիքը թագավորներ, ֆեոդալներ կան՝ սկսած գյուղապետերից: Նորմալ երկրում համայնքի ընտրված ղեկավարը հասկանում է, որ նա ժամանակավորապես կատարում է օրենքով իր վրա դրված պարտականությունները, ծառայում է իր համայնքին, որից հետո դառնալու է համայնքի շարքային բնակիչ: Հայաստանում գյուղապետը «թագավոր է», գյուղն իրեն է պատկանում, ինչ ուզի՝ կանի՝ իր գրպանում գտնվող «ավագանի» կոչվող վեզիրների հետ միասին, որոնք սովորաբար նրա ազգականներն են:

Բայց եկեք հարցին նայենք այլ տեսանկյունից, եթե վաղը Նոր Գեղին վերանվանվի «Ֆրոնտիկավան» կամ «Ֆրոնտիկակերտ», այդ համայնքի որեւէ բնակիչ հրապարակավ կբողոքի՞, կծաղրի՞ ինքնասիրահարված գյուղապետին, կասի՞ «դու քեզ ինչի տեղ ես դրել, կարո՞ղ է քո արձանն էլ դնել գեղամիջում»: Այդպիսի բան չի լինելու, քանի որ Ֆրոնտիկի կեցվածքն իր գյուղացիների արժանապատվությունը չի վիրավորում, շատերն անտարբեր են, թե ինչ է տեղի ունենում իրենց գյուղում, մի մասն էլ կախում ունի գյուղապետից: Բնականաբար, նեղ ընտանեկան շրջանակներում նրանք կխոսեն «էս երկրի» եւ «էս ազգի» ծանր վիճակից: Կխոսեն «ընդհանուր գծերով»:

Դե հիմա պատկերացրեք, որ մի քանի հարյուր «Ֆրոնտիկ» եւ մի քանի տասնյակ ավելի մեծ «Ֆրոնտ» ընտրությունների ժամանակ « աշխատում են» հայտնի կուսակցությունների օգտին: Նրանք իրենց գյուղի, իրենց «մայլի», իրենց տարածաշրջանի «թագավորներն են»: Ընդ որում պարտադիր չէ, որ նրանք քվեարկության պահին ընտրակաշառք բաժանեն: Այդ մարդիկ մի տարի առաջ, երկու տարի առաջ արդեն «նայել են» ժողովրդին, «լավություններ» են արել, «նիսյա» են փակել, «վերեւներին» միջնորդել են, հարց լուծել, մանկապարտեզներին կոնֆետ են բաժանել: Նրանց մի մասն անգամ եկեղեցի է կառուցել: Մի խոսքով, ժողովրդի մասին մտածող, հայրենասեր, բարեգործ եւ նույնիսկ աստվածավախ մարդիկ են: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հրաշալի անձնավորությունները հավաքվել են 3-4 կուսակցություններում, որոնք եւ կկազմեն ապագա խորհրդարանի առանցքը:

Ընտրապարքարն ընթանալու է հետեւյալ ձեւով. Ընտրողների հետ հանդիպման ընդդիմադիրները եւ կարտասանեն իրենց բոցաշունչ ճառերը: Դրանք շատ լավ են ընկալվելու հավաքվածների կողմից՝ «հա, թաղեմ դրանց բոյը», «կերան էս ժողովրդին», «էլ երկիր չմնաց», «էլ ազգ չմնաց», «փրկեք մեզ նրանցից»: Հետո կգան իշխանականները (նրանց մի մասը կոչվում է «ընդդիմադիր», բայց բաղկացած է հիշյալ բարեգործ հայրենասերներից), եւ նույն «բոյը թաղողները» էլի լավ կընդունեն նրանց. ամեն մեկը կմոտենա, այդ Ֆրոնտիկներին ու կասի. «թագավոր ախպեր, կարա՞ս երեխուս ուսման վարձի հարցը լուծես» եւ նման հարյուրավոր խնդիրներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ