Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Արդյոք պետք է կեսարին հարկեր վճարել»,- հարցրին փարիսեցիները Հիսուս Քրիստոսին: «Խաչաձեւ» լրագրողական հարց էր, ուզում էին «բռնացնել». եթե ասեր` «վճարե՛ք», կվիրավորեր ազգային զգացմունքները, կասեին` «ըհը՜ն, ուզում է, որ մենք հարկեր մուծենք գաղութատիրական Հռոմի ռեժիմին»: Եթե ասեր` «մի՛ վճարեք», կասեին` «ըհը՜ն, կայսրության դեմ ապստամբության կոչ է անում»:

Բայց այդ «բանախոսին» այնքան էլ հեշտ չէր «բռնացնել»: Տերն ասաց` «տվեք, տեսնեմ, այդ հռոմեական մետաղադրամը, ո՞ւմ պատկերն է դաջված»: «Կեսարի»,- պատասխանեցին փարիսեցիները: «Դե, ուրեմն, կեսարինը կեսարին տվեք, Աստծունը` Աստծուն»: Դա, առաջին հերթին, իմ կարծիքով, նշանակում է` «պետք չէ խառնել պետության առջեւ պարտականությունները հոգեւոր կյանքի հետ»:

Բայց նաեւ` «այն, ինչ պատկերված է փողի վրա, պետության խորհրդանիշն է»: Հիշո՞ւմ եք, խորհրդային մեկ ռուբլանոցի վրա ոչինչ նկարած չէր, 3-ի եւ 5-ի վրա` Կրեմլն էր` խորհրդանիշ էր, բայց կայսր չէր: 10, 25, 50, 100 ռուբլանոցների վրա Լենինն էր` մեր այն ժամանակվա «կայսրն» էր` ոչ բոլորի համար ընդունելի: Բրիտանական ֆունտի բոլոր թղթադրամների «ավերսի» վրա ներկայիս թագուհին (իր երիտասարդ տարիներին) է, Էլիզաբեթ Երկրորդը, որքան հասկանում եմ, ոչ մեկի նյարդերին չի ազդում: Բրիտանական տարբեր թղթադրամների «ռեւերսի վրա» մեզ հայտնի Չարլզ Դարվինը եւ Ադամ Սմիթն են, պակաս հայտնի Բոլթոնը եւ Ուայթը` գոլորշիով աշխատով շարժիչի գյուտի հեղինակները, եւ մեզ անհայտ ոմն Էլիզաբեթ Ֆրայը` 19-րդ դարի բարեգործ: Ում են հարկեր մուծում` Լենինի՞ն, թագուհո՞ւն, Բենջամին Ֆրանքլինի ստեղծած պետությա՞նը, եթե խոսքը 100 դոլարանոցի մասին է:

Համենայնդեպս, կայսրերը գնացին, Լենինը` նույնպես: Անգլիացիներն ու ամերիկացիները ոչ մի պատճառ չունեն եւ, վստահ եմ, չեն ունենա հրաժարվելու Էլիզաբեթ թագուհուց, Ֆրանկլինից կամ անգամ Դարվինից ու Ադամ Սմիթից, եւ դա, ինձ թվում է, այդ պետությունների հզորության, կայացած լինելու ամենակարեւոր ցուցիչներից է: Մենք անընդհատ տվայտանքների մեջ ենք` էս մի խորհրդանիշը վատն է, եկեք լավով փոխենք: Դեռ լավ է, որ որեւէ քաղաքական գործչի կամ պատմական դեմքի, որեւէ արքայի կամ կաթողիկոսի նկար չենք ուզում պատկերել փողի վրա, հասկանում ենք, որ մեծ «բազար» է լինելու:

Հիմա էլ մի թեթեւ «բազար» սկսվեց, բառիս բուն իմաստով` դատարկ տեղը: Ի՞նչ մեղքեր են գործել Չարենցը, Թումանյանը, Իսահակյանը եւ Սարյանը, որ նրանց փորձում են փոխարինել այլ արվեստագետներով: Վերջիններս էլ են, իհարկե, մեծարման արժանի` չնայած հասկանալի է, որ Պարույր Սեւակին Չարենցի հետ չես համեմատի: Բայց ո՞րն է այդ «ռոտացիայի» իմաստը` միանգամայն անհասկանալի է: Մարդկանց համար կարեւոր է, որ նրանք կարողանան այդ դրամով որքան հնարավոր է` շատ ապրանքներ գնել, ոչ թե այն, թե ինչ է թղթադրամների վրա նկարած: …Բացառված չէ, սակայն, որ 10 տարի հետո Հայաստանում շրջանառության մեջ կլինի մետաղադրամ, որի վրա դաջված կլինի Վլադիմիր Պուտինի կիսադեմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ