Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հայաստանում չի եղել որեւէ վարչապետ, որն իր ասուլիսի ժամանակ չնշեր ինչ-ինչ թվեր, որոնք վկայում են տնտեսական եւ սոցիալական ոլորտներում առաջընթացի մասին: Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք մեր բնակարանների մի անկյունում կուչ էինք գալիս «ֆուջիկայի» շուրջ եւ ցնծում էինք, երբ երկու ժամով լույս էին տալիս, նույնիսկ այն ժամանակ ասուլիսների ժամանակ գտնվում էին ինչ-որ տոկոսներ, որոնք վկայում էին որոշակի բարելավումների մասին:

Իսկ ի՞նչը կարող է արձանագրել իսկական, շոշափելի առաջընթացը, ի՞նչ պետք է տեղի ունենա, որ մարդիկ իսկապես գոհ լինեն կյանքից: Այդ հարցին չկա պարզ պատասխան: Ես, ի դեպ, կյանքից չէի բողոքում «ֆուջիկայի» ժամանակ, չեմ բողոքում նաեւ հիմա՝ արժանապատվությունիցս ցածր եմ համարում տրտնջալը: Նրանք, ովքեր բողոքում էին այն ժամանակ, կա՛մ վաղուց արդեն Հայաստանում չեն, կամ էլ շարունակում են բողոքել:

Եթե տնտեսական աճը կազմի ոչ թե 5, այլ 15 տոկոս (ի դեպ, այդպես արդեն եղել է), եթե նվազագույն աշխատավարձը դառնա 200 հազար դրամ՝ այս գների պայմաններում, եթե «դուինգ բիզնեսով», տնտեսական ակտիվության եւ բոլոր այլ գործակիցներով Հայաստանը հայտնվի առաջին տեղում, իսկ ներդրումների ծավալը տասնապատկվի, մեր հասարակության մեծամասնությունը, միեւնույն է, կշարունակի դժգոհ լինել կյանքից եւ իշխանության մասին խոսել ճիշտ նույն բաները, ինչ խոսում են հիմա:

Խնդիրը, հետեւաբար, ՀՆԱ-ի կամ տարբեր տեսակի գործակիցների մեջ չէ. շատ ավելի բարդ է: Խնդիրը, որքան հասկանում եմ, մեր պետության գոյության իմաստի մեջ է: Ինչպես մարդը, անհատը պետք է հասկանա, թե ինչի համար է ապրում, այնպես էլ պետության քաղաքացիներիս պետք է միավորի մի ընդհանուր գիտակցություն՝ մենք պետք է իմանանք, թե որն է մեր պետության նպատակը:

Դեռեւս Նիցշեն էր ասում, որ մարդը կարող է դիմանալ ամեն ինչի, բայց միայն մի դեպքում՝ եթե գիտի՝ հանուն ինչի: Գուցե Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի համար այս «թիմային աշխատանքի» զգացողությունը պարտադիր չէ, բայց մեզ նման փոքր պետություններն առանց դրա չեն կարող զարգանալ: Ընդ որում, ընդհանուր նպատակը պետք է լինի պոզիտիվ, ոչ թե, ասենք, «թուրքերի հերն անիծելը»:

Կլինի՞ մարդկանց մեջ նման դրական զգացողություն՝ նրանք կդիմանան բոլոր դժվարություններին, չի լինի՝ տնտեսական ոչ մի առաջընթաց (եթե նույնիսկ այդպիսին կա) մարդկանց վրա որեւէ տպավորություն չի թողնի: Ավելին՝ ոչ ոք չի հավատա, որ մեր պետությունում որեւէ լավ բան է տեղի ունենում:

Գուցե վարչապետին նաեւ նման բաների մասին արժե հարցնել: Դե, համենայնդեպս, Կարեն Կարապետյանը ճիշտ է մի հարցում՝ չարժե 140-րդ անգամ հարցնել, թե ինչ է նա պատրաստվում անել 2018 թվականի ապրիլից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ