Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Ես հիշում եմ, թե ինչպես էին նշում բոլշեւիկյան հեղաշրջման 50-ամյակը: Այն ժամանակ հեղաշրջումը կոչվում էր Հոկտեմբերյան Մեծ Սոցիալիստական Հեղափոխություն՝ բոլոր բառերը մեծատառերով: Տարեց մարդիկ՝ խոհանոցային անեկդոտների հերոսները, կանգնած էին «սրբազան դիակի» դամբարանի տանիքին եւ ողջունում էին «երջանիկ» ժողովրդական զանգվածներին, հաղորդավարի առույգ ձայնը «զեկուցում էր» նվաճումների մասին, օրինակ՝ քանի անգամ ավելի շատ չուգուն է արտադրվել 1913 թվականի համեմատությամբ:

1967 թվականին ամեն ինչ արդեն իսկ բավականին զվարճալի էր, զավեշտական էր, կասեի անգամ՝ կրկեսային: Որովհետեւ 50 տարի առաջ, ինչպես եւ հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնապես արտասանած ոչ մի բառի: Համենայնդեպս՝ Հայաստանում:

100 տարի առաջ ամեն ինչ լուրջ էր եւ արյունով հղի՝ նաեւ այն պատճառով, որ հավատացողներ կային: Մարդկանց աչքերը վառվում էին, բայց ոչ թե ինչ-որ բան ստեղծելու, կառուցելու, արարելու ցանկությամբ, այլ քանդելու, ոչնչացնելու, վրեժ լուծելու կրքով՝ նախեւառաջ հարուստներից, կրթված մարդկանցից, արիստոկրատներից:

Նրանք, ովքեր, զանգվածների ամենաստորին բնազդները շահագործելով, մարդկանց դրդում էին ջարդելու եւ վառելու, նույնպես, մեծ մասամբ, հավատում էին, թե լավ բան են անում, նպաստում են առաջընթացին, ողջ մարդկության ազատությանն ու երջանկությանը: Դե իսկ նման վեհ նպատակի համար մի քանի հազար կամ մի քանի տասնյակ հազար թշնամի գնդակահարելը, իհարկե, «հեղափոխական անհրաժեշտություն» էր՝ առաջընթացի ճանապարհին կանգնողների հետ էլ ինչպե՞ս վարվես:

«Անիծյալ» ցարիզմից եւ բուրժուազիայից ազատվելու այլ ճանապարհ չկար: Դա ոչ միայն այս, այլեւ ցանկացած այլ բռնությամբ ուղեկցվող հեղափոխության առանձնահատկությունն է: Ինձ համար, ճիշտն ասած, տարբերություն չկա, թե ովքեր էին այն արկածախնդիրները, որոնք ժողովրդին դրդում էին արյունահեղության՝ Ռոբեսպիերն ու Դանտո՞նը, թե՞ Լենինն ու Տրոցկին:

Երբ «գիլյոտինը» սկսում է աշխատել, ապա այն սկզբից ոչնչացնում է թագավորին, այնուհետեւ՝ նրա ընտանիքին, այդ թվում՝ անչափահաս երեխաներին, իսկ հետո, վաղ թե ուշ, հասնում է նաեւ հենց իրենց՝ հեղափոխականներին: Եթե մարդկանց դրդում են խլել հարուստներից նրանց հարստությունը եւ «մեջ-մեջ» անել, ապա այդ «մեջ-մեջ անելու» գործընթացում վաղ թե ուշ հայտնվում են մարդիկ, որոնք «ավելի հավասար են, քան հավասարները»:

Երբ որոշվում է, որ ցանկացած խոհարարուհի կարող է երկիր ղեկավարել, ապա ի վերջո՝ իշխանությունն անցնում է խոհարարուհու ինտելեկտ ունեցող մարդկանց ձեռքը: Հեղափոխություններն ապահովում են մարդկության առաջընթա՞ցը: Այո, թերեւս այդպես է: Սակայն խոստովանեմ, որ անձամբ ինձ այդպիսի առաջընթաց պետք չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ