Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եվրամիության հետ կնքած համաձայնագիրը երկուստեք պարտավորությունների ցանկ է, ինչպես ցանկացած միջազգային պայմանագիր: Եթե փաստաթուղթը վավերացվի, կողմերը պետք է այդ պարտավորությունները կատարեն: Որոնք են դրանցից, իմ կարծիքով, առավել կարեւոր:

Կոռուպցիայի դեմ պայքար: Ես նայում էի նախագահի եւ ՀՔԾ աշխատակիցների հանդիպումը, եւ երբ ցույց էին տալիս դահլիճը, այն դեմքերը, որոնք պետք է որ պայքարեն պաշտոնյաների կոռուպցիայի դեմ, զուտ առաջին հայացքից ինձ հավատ չեն ներշնչում:

Հնարավո՞ր է պայքարի իմիտացիա անել, թե պայքարում ես կոռուպցիայի դեմ՝ այնպես, որ եվրոպացիները չհասկանան, որ դա իմիտացիա է: Կարծում եմ՝ ոչ, հնարավոր չէ: Ուկրաինայի օրինակը աչքներիս առաջ է՝ այդ երկրի ղեկավարությանը չի հաջողվել խաբել եվրոպացիներին, թե իբր նրանք պայքարում են կոռուպցիայի դեմ, ԵՄ-ն էլ նրանց որոշակի չափով «փողից կտրել է»:

Այնպես չէ, որ Հայաստանում ոչ մի բան չի արվում՝ կարող եմ դատել միջին բյուրոկրատիայի դժգոհություններից. «արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք»: Բայց իրականում քիչ բան է փոխվել, եւ եթե չլինեն գործնական քայլեր, ոչ մեկի աչքերին հնարավոր չի լինի թոզ փչել:

Մենաշնորհների դեմ պայքար: Խոսքը շաքարի եւ բանանի մասին չէ, ինչի մասին սիրում են գրել լրագրողները: Շատ երջանիկ կլինեինք, եթե մենաշնորհները սահմանափակվեին մանրածախ առեւտրով: Խոսքն ավելի լուրջ բաների մասին է՝ իշխանական հովանավորչություն չունեցող արտադրությունները՝ սկսած «ձկնանոցներից» եւ վերջացրած տրիկոտաժով, ոչ մի շանս չունեն արտադրելու, ապրանք իրացնելու եւ, առավել եւս, արտահանելու, իսկ մրցակցության բացակայության պայմաններում ներքին եւ արտաքին շուկաներում մրցունակ ապրանք արտադրելն անհնար է:

Անկախ դատարաններ: Համեստորեն լռենք, որովհետեւ այդտեղ, ի տարբերություն այլ ոլորտների, անգամ չնչին տեղաշարժ չկա՝ ի հեճուկս կառուցվածքային փոփոխությունների: Այսօրվա դատարանները նույն 1970-ական թվականների խորհրդային դատարաններն են:

Ազատ ընտրություններ: Դարձյալ՝ այն, ինչ արվել է, շատ քիչ է. առանց ծեծուջարդի ընտրությունները դեռեւս ժողովրդավարական ընտրություններ չեն: «Լավ տղերքն» իրենց փողի քսակներով պարզապես խոչընդոտում են ընտրությունների արդար ընթացքին: Մինչեւ հաջորդ ընտրությունները մնացել է ընդամենը չորս տարի…

Պարզ է, այդ ամենը պետք է ոչ թե ԵՄ-ին, այլ մե՛զ, որպեսզի մեր երկիրը զարգանա, դրանք իսկապես ազգային անվտանգության խնդիրներ են: Եվրամիությունը մեզ կարող է աջակցել, եթե մենք տեղներիցս շարժվենք, եւ չի աջակցի, եթե ամեն ինչ մնա այսօրվա նման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ