Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պարզվում է, հանճար է: Համենայնդեպս, նա իրեն այդպիսին է համարում: Ինչպե՞ս է Թրամփը հիմնավորում իր հանճարեղ լինելը: Շատ պարզ. քանի որ նա մեծ հաջողությունների է հասել բիզնեսում, ինչպես նաեւ հեռուստատեսային գերաստղ էր, իսկ հետո դարձել է ԱՄՆ նախագահ, ուրեմն նա հանճար է:

Սակայն ակնհայտ է, որ Թրամփն առաջին հաջողակ բիզնեսմենը չէ ու առաջին աստղը չէ Միացյալ Նահանգների պատմության մեջ: Կարելի է հիշեցնել նաեւ, որ Թրամփից առաջ այդ հրաշալի երկիրն ունեցել է 44 նախագահ: Միթե նրանք բոլորը հանճարներ էին: (Գիտեմ, որ անգլերեն «genius» եւ հայերեն «հանճար» բառերի իմաստների միջեւ որոշակի տարբերություն կա, բայց լեզվաբանական նրբություններն այստեղ այնքան էլ էական չեն): ԱՄՆ ներկայիս ղեկավարը որոշել է բարձրաձայնել իր արտառոց արժանիքների մասին ի պատասխան ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆի գրքի, որտեղ հեղինակն ապացուցում է, որ ԱՄՆ նախագահն օժտված չէ բարձր մտավոր կարողություններով, քիչ է կարդում եւ բացարձակապես հետաքրքրասեր չէ:

Վուլֆի գիրքը, որը կոչվում է «Կրակ եւ ցասում», լույս է տեսել երեկ, սակայն որոշ դրվագներ մինչ այդ արդեն իսկ հայտնի էին դարձել հանրությանը: Իսկ մեր կողմից արձանագրենք, որ պետական գործչի հանճարը եւ նույնիսկ տաղանդը բացահայտվում է նրա քայլերի արդյունավետության միջոցով: Եթե դիտարկենք թեկուզ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին երկու քվեարկությունները Երուսաղեմի եւ Իրանի հարցերով (դեկտեմբերի 18-ին եւ հունվարի 5-ին), երբ անգամ ԱՄՆ-ի դաշնակիցներն էին հակադրվել ամերիկյան նախաձեռնություններին, կարելի է ենթադրել, որ այդ նախաձեռնությունները հանճարեղ չէին:

Նման բարձրագոչ մակդիրը, հավանաբար, չի կարելի կիրառել նաեւ 18 միլիարդ դոլարով Մեքսիկայի հետ պատ կառուցելու գաղափարին: Իհարկե, ԱՄՆ ներկայիս վարչակազմն ունի նաեւ լավ, ճիշտ մտահղացումներ, որոնց շարքից են, իմ կարծիքով, «գրին-քարտի» խաղարկության դադարեցումը կամ հարկային բարեփոխումները: Ինչպես եւ աշխարհի ցանկացած ղեկավար, Թրամփն արել է եւ անելու է բազմաթիվ ճիշտ եւ սխալ քայլեր: Բայց նա, ինձ թվում է, հանճար չէ:

Հանճարը Մոցարտն է, որի ցանկացած ստեղծագործություն գլուխգործոց է: Սակայն ամերիկյան համակարգի առավելությունն այն է, որ 3 տարուց կամ (որն ավելի քիչ հավանական է) 7 տարուց Թրամփն այլեւս նախագահ չի լինի: Իսկ, օրինակ, Պուտինը հավերժ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ