Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է․ «Օրերս կառավարությունը հրապարակել է 2019-2023 թվականների դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությունը: Փաստաթղթում հիմնականում խոսվում է դատական համակարգի տարբեր ճյուղերի բարեփոխումների մասին, բայց բաժիններ կան նաեւ անցումային արդարադատության, սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի մասին:

Դրանցից ամենահետաքրքիրն, իհարկե, սահմանադրությունը փոխելու մտադրությունն է: Բայց մինչ այդ ասեմ, որ անցումային արդարադատություն իրականացնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի 1991-2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումները: Ենթադրվում է, հետեւաբար, որ 2018-20 թվականներին խախտումներ չեն եղել եւ չեն լինի:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը նույնպես նախատեսված է ստեղծել 2020 թվականի առաջին եռամսյակում: Ռազմավարության տեքստում նախորդ՝ 2015 թվականի փոփոխությունների մասին «Թրանսփերենսի ինթերնեյշնլի» մեջբերված դիտարկումները ճիշտ են՝ փոփոխությունները նախաձեռնվել էին գործող նախագահի՝ իշխանությանը մնալու ցանկությունը բավարարելու նպատակով, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները գործել են շահերի բախման իրավիճակում, Սահմանադրական փոփոխությունները թելադրված չեն եղել որեւէ օբյեկտիվ անհրաժեշտությամբ: Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞վ է հիմա՝ այս պահիս, հիմնավորվում սահմանադրություն փոխելու օբյեկտիվ անհրաժեշտությունը: Այդ հարցի պատասխանը ռազմավարության մեջ, կարծես թե, հստակ չէ: Նշվում է մի շարք «խնդրահարույց կարգավորումների» մասին, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանի ձեւավորման մեխանիզմներին: Բայց եթե անգամ այդ կարգավորումները, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի որոշումները բողոքարկելու կարգն իսկապես վիճահարույց է, ապա դրանց համար նախաձեռնել մի ամբողջ սահմանադրական փոփոխությունների ծանր եւ թանկարժեք գործընթաց, իմ կարծիքով, նման է թնդանոթներից ճնճղուկների վրա կրակելուն: Արդարացիորեն նշվում է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները չլուծեցին իշխանության գերանձնավորված եւ սուբյեկտիվ լինելու հարցը: Բայց այդ խնդիրը չի կարող լուծել ոչ մի սահմանադրություն՝ դա հասարակության քաղաքական մշակույթի հարց է:

Ընտրական օրենսգրքի բարեփոխման ռազմավարության մեջ, մասնավորապես, գրված է՝ «թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում»: Այս հարցում նույնպես խորհուրդ կտայի չշտապել: Այնպես չստացվի, որ քաղաքացիներն ընտրեն, ըստ էության, մեկ հոգու, իսկ վերջինս իր հայեցողությամբ կազմի «իշխող խմբակցությունը», որը դժվար է «քաղաքական թիմ» անվանել: Ճիշտ է, 2018 դեկտեմբերի 9-ին այդպես եղավ՝ չարաբաստիկ «ռեյթինգային» համակարգի պայմաններում: Բայց նման ընտրություններ տեսանելի ապագայում Հայաստանում այլեւս չեն լինի»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Տպել
Ամենաշատ