Թերթը գրում է, որ ըստ ՀՀԿ-ականների, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: «Ինչպես հայտնի է` այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ասում են` խորհրդարանական ընտրություններից հետո նրան պաշտոնի բարձրացում է սպասվում: Արդեն տեւական ժամանակ խոսվում է այն մասին, որ Բաղդասարյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի հիմնական հավակնորդն է: Իսկ Աղվան Հովսեփյանին Սերժ Սարգսյանը մտադիր է ընտրություններից հետո հանել: Մեր աղբյուրներն ասում են նաեւ, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը Աբրահամյանի համար կլինի միջանկյալ: Աբրահամյանն այդ պաշտոնը կարող է զբաղեցնել մինչեւ նախագահական ընտրություններ, որից հետո էլ կարող է ակնկալել ավելի հիմնավոր եւ երկարատեւ նշանակում պետական կառավարման համակարգում»,- գրում է «Հրապարակ»-ը:




























