Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, այսօր՝ ապրիլի 5-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Աժուբալիսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Լիտվայի ԱԳ նախարարին ուղեկցել են Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Վերջինս հյուրին ներկայացրել է 20-րդ դարասկզբի մեծագույն ոճիրներից մեկի պատմությունը եւ հուշարձանի խորհուրդը:

Աուդրոնյուս Աժուբալիսը նաեւ գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում:

Բացի այդ, Լիտվայի ԱԳ նախարարն անվանական եղեւնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշամահալիրի հարեւանությամբ գտնվող «Հիշողության պուրակ»-ում, նաեւ ջրել Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի տնկած անվանական եղեւնին:

Հիշեցնենք, որ Լիտվայի Սեյմը 2005 թվականի դեկտեմբերի 15-ին ճանաչել եւ  դատապարտել է 1915-ին Օսմանյան Թուրքիայում իրականացրած Հայոց ցեղասպանությունը: