Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի դեմ հարուցված քրեական գործը քննվում է մարտի 3-ից: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունից:
«ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում 2012թ-ի մարտի 3-ից քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել զենք, ռազմամթերք հափշտակելու համար:
2012թ-ի մարտի 6-ին Վանիկ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական գործով կասկածյալի եւ մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք չկան:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել եւ հարցաքննվում են բազմաթիվ վկաներ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ օրեր առաջ էլ զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը: Ըստ մամուլի հրապարկումների, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանի պաշտոնանկության պատճառը նրա թույլ տված չարաշահումներն են, ինչի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ է քննվում: Նշվում է, որ Գաբրիելյանն իր ենթակաների հետ միասին զենք-զինամթերք եւ զինտեխնիկայի պահեստամասեր է վաճառել, իսկ քրեական գործի «կծիկն» այնքան է բացվել, որ հասել է մինչեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Անգամ նրա կալանավորման հարցն է դրվել, ինչը, սակայն, Սերժ Սարգսյանը թույլ չի տվել` ասելով, թե այս ընթացքում ցնցումներ պետք չեն:




























