«Օրինաց երկիր» կուսակցությունը դրական է վերաբերում Դավիթ Հարությունյանի առաջարկին` ձեւավորել ընտրությունների քաղաքակիրթ անցմացման կանոններ, որով մեխանիզմ կառաջանա կեղծիքները, բացթողումները քննարկել եւ փոխադարձի հարգանքի հիման վրա լուծում տալ այդ խնդիրներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՕԵԿ նախընտրական շտաբի ղեկավար Հեղինե Բիշարյանը` մեկնաբանելով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի` քաղաքական ուժերին ուղղված, ընտրությունների քաղաքակիրթ անցկացման կանոների շուրջ համախմբման առաջարկը:

«Հասարակությունը կողմ է, որ այդ շրջանակներում աշխատեն»,- նշել է Բիշարյանը:

Վերջինիս հարցրինք, թե ինչպե՞ս է գնահատում նախօրեին ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի կողմից միասնական շտաբ ձեւավորելու մասին համատեղ փաստաթուղթ ստորագրելու փաստը:

«Երբ հայտարարություն են անում ընտրությունների հանրային վերահսկողության նման խումբ ձեւավորելու վերաբերյալ, ի սկզբանե ընտրությունները կարելի է դնել վտանգի տակ, քանի որ իրենք բոլոր քաղաքական ուժերին կոչ չեն անում միասնական մասնակցելու եւ աջակցելու ընտրությունների թափանցիկ անցկացմանը»,- նշել է Բիշարյանը եւ հավելել. «Ի սկզբանե արդեն այդպիսի միավորումը դատապարտված է: Տարանջատումներ են մտցնում, ինչը ճիշտ չէ: Իսկ Դավիթ Հարությունյանի կատարած հայտարարությունը դրական ենք գնահատում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցություններն, ապրիլի 4-ին, ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագիր են ստորագրել: Քննարկմանը ներկա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չէր միացել նախաձեռնությանը:

Փաստաթղթի տակ դրված են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի եւ «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ստորագրությունները: Համաձայնագիրը բաց է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար:

Իսկ արդեն երեկ` ապրիլի 5-ին, հայտարարություն է տարածել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը, ով ընտրություններին մասնակցող ուժերին առաջարկել է ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոներ մշակել: